Իջևանի անտառում զանգվածաբար ծառեր են կտրվում. բնապահպաններ (տեսանյութ, լուսանկար)
Համահայկական բնապահպանական ճակատի անդամները նոյեմբերի 13-ին լինելով Տավուշի մարզի Իջևանի արգելավայրի տարածքում հայտնաբերել են շուրջ 200 ծառահատումներ:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ բնապահպան Գոռ Հովհաննիսյանն ասաց, որ անտառում բազմաթիվ ծառեր հատվելուց հետո սև են ներկում, որպեսզի նկատելի չլինեն կամ ծածկվում են հողով:
««Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ը կառուցելուց հետո անտառ մուտքը հեշտացել է, բայց, իհարկե, ոչ հասարակ գյուղացիների համար: Հատուկ մարդիկ են գալիս–մտնում անտառ ու անխնա փրթում: Հատված ծառերը բարձում են «Ուրալ» մեքենաներ, որոնք ի դեպ, համարանիշ էլ չունեին ու տանում են: Ծառերը կտրելուց անխնա են, քանի որ թողնում են մի ծառը կիսատ, որովհետև ներքևի հաստ հատվածում անելիքները շատ են, ներկում են սևով ու անցնում մյուսին»,- ասաց նա:
Գոռ հովհաննիսյանը նշեց, որ գյուղացիները անտառում թափուկ հավաքելիս ևս որոշ ծառեր կտրում են, բայց հիմնականում ապօրինի ծառահատումը նրանց կողմից չի իրականացվում:
«Համահայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանն էլ ընդգծեց, որ ապօրինի ծառահատումներ իրականացնողները հիմնականում անպատիժ են մնում:
««Խաչաղբյուր» փոքր ՀԷԿ-ը կառուցելու ժամանակ այնտեղ շատ ծառ կտրվեց ու 8 մետր լայնությամբ ճանապարհ բացեցին անտառում, բայց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել առ այսօր: Մեզ իրականում չի էլ հետաքրքրում՝ օրինակա՞ն են, թե՝ անօրինական ծառահատումները, քանի որ միևնույնն է՝ դա հանցագործություն է: Համաձայն օրենքի՝ արգելվում 30 աստիճանի թեքությունից մեծ թեքություն ունեցող լանջերից հատումներ անել, իսկ մեր կողմից նշված տարածքը 40 աստիճանից ավելի է»,- ասաց նա:
Լևոն Գալստյանն առաջարկեց, իրավիճակից դուրս գալու համար անտառի մուտքերի մոտ ոստիկաններ կանգնեցնել և վերահսկողությունը մեծացնել: Այդ ժամանակ որևէ մեկը չի համարձակվի ապօրինի ծառեր հատել:
«Պետք է փոխել վերաբերմունքը անտառների նկատմամբ, դրանց պետք չէ նայել որպես անտառանյութ, դրանք մի ամբողջ էկոհամակարգ են, որոնց խախտման դեպքում մեծ վնասներ ենք կրելու»,- ասաց նա:
Մամուլի ասուլիսին ներկա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևան անտառտնտեսության մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանն էլ ընդգծեց, որ իրականում հատվել է ոչ թե 200, այլ՝ 12 ծառ և նշեց, թե բնապահպանները իրականությունը չեն ներկայացնում:
«Ձեր նկարած ծառերի մեծ մասը հին ծառեր են։ Կամ ի՞նչ է նշանակում, որ ասում եք՝ իրենց բարեկամներին թողնում են անտառ։ Չի՛ կարելի նման հայտարարություններ անել: Իհարկե, խնդիրներ կան, ո՞վ է ասում խախտում չկա: Բայց եկեք միասին աշխատենք, ոչ թե իրար դեմ»,- ասաց նա և տեղեկացրեց, որ Իջևանի անտառում աշխատում են 28 անտառապահներ, որոնցից յուրաքանչյուրի հսկողության ներքո է 1000 հա տարածք:
Նշենք, որ անտառապահները ստանում են 70 հազ. դրամ աշխատավարձ, իսկ անտառապետը 90 հազ. դրամ: Գիշերային ժամերին վերահսկողություն չի սահմանվում:
.jpg)
.jpg)
.jpg)










