ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը որդուն բանակից ազատելու պատրվակով քաղաքացուց խաբեությամբ 20.000 դոլար վերցնելու դեպք է բացահայտել

20:42 • 18.11.14

 

 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացի Սպարտակ Կառլենի Համբարձումյանը և նախկին զինվորական, գնդապետ Տիգրան Մարատի Մանուկյանը, չարաշահելով քաղաքացիներ Վարդան Ռազմիկի Ավետիսյանի և Ժորա Սարգսի Պալոյանի վստահությունը, խաբեությամբ նրանցից վերցրել են 20.000 (քսան հազար) ԱՄՆ դոլար գումար, որպեսզի համապատասխանաբար Վ. Ավետիսյանի որդուն` Անդրանիկ Ավետիսյանին, և Ժ. Պալոյանի որդուն` Սարգիս Պալոյանին, հիվանդության պատրվակով ազատեն զինվորական ծառայությունից, ինչը, սակայն, կանխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում:


ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հաղորդում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Տիգրան Մանուկյանը և Սպարտակ Համբարձումյանը ձերբակալվել են:


ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ զերծ մնալ անօրինական ճանապարհով իրենց որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից հիվանդության պատրվակով ազատելու, բնակության վայրին մոտ զորամասերում ծառայության նշանակելու կամ զինծառայության հետ կապված այլ անօրինական գործողություններ կատարելուց:


Ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նմանատիպ դեպքերը բացառելու, կանխելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: