Այլ երկրների համեմատ Հայաստանը բավականին հաջողակ է եղել ծայրահեղ աղքատությունը նվազեցնելու առումով. հետազոտություն
Այսօր կայացավ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. 2013թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» խորագրով շնորհանդեսը, որը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) Համաշխարհային Բանկի փորձագետների մասնակցությամբ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը նշեց, որ այս զեկույցը տասնհինգերորդն է, և հարցմանը մասնակցել է 51184 տնային տնտեսություն:
Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին ասաց, որ հետազոտությունն իրականացվել է առաջադեմ համակարգով: «Ավելի քան հինգ հազար տնային տնտեսության տվյալների տրամադրումը գնահատում է այս հետազոտության բարձր որակը, ինչը երկրում առաջնային գործիքներից մեկն է հանդիսանում»,-ասաց նա:
Անդրադառնալով այլ երկրների համեմատ Հայաստանի գրաված դիրքին՝ աղքատության մակարդակի դեմ պայքարի հարցում, նա ասաց, որ այլ երկրների համեմատ Հայաստանը բավականին հաջողակ է եղել աղքատությունը՝ հատկապես ծայրահեղ աղքատությունը նվազեցնելու առումով։
«Կառավարությունը չի կարող պաշտպանել իր քաղաքացիներին, եթե չիմանա, թե որոնք են աղքատություն առաջացնող պատճառները»,-այսուհանդերձ ասաց նա և նշեց, որ Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այս հետազոտությանը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիեթ Ահրենսն անդրադառնալով երեխաների աղքատության ցուցանիշին՝ ասաց, որ այս նոր տվյալների միջոցով Կառավարությունը կարող է գործողություների պլան մշակել:
«Մենք շատ հպարտ ենք, որ Վիճակագրական ծառայությունը իր հետազոտությունում հատուկ բաժին ունի երեխաներին նվիրված»,-ասաց նա:
Նա կարևոր համարեց, որ այս տվյալները բաց են և հույս հայտնեց, որ այդ տվյալները կօգտագործվեն Կառավարության ու հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Նա հայտնեց, որ ազգային մոնիթորինգի տվյալներ են հավաքում՝ պարզելու, թե հատկապես որ շրջաններում է երեխաների աղքատությունը մեծ, որպեսզի ռեսուրսներն ավելացվեն։










