Մոլագար մարդկանց քաղաքականություն է. Դավիթ Բաբայանը՝ ուղղաթիռի զոհերի շուրջ Ադրբեջանի դիրքորոշման մասին

17:50 • 18.11.14

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ բոլորի համար պետք է ակնհայտ լինի, թե ինչպիսի հարևան ունեն Հայաստանն ու Արցախը՝ ի դեմս Ադրբեջանի:


«Արդեն անհնար է մեկնաբանել նրանց գործողություններն ու խոսքերը: Սա ուղղակի անմարդկային մոտեցում է, միջազգային իրավունքին դեմ, բարոյականությանը դեմ: Դա մոլագար, աննորմալ մարդկանց քաղաքականություն է, ուրիշ ոչ մի բան»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ մեկնաբանելով ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը, թե եթե Ադրբեջանը հարկ համարի, թույլ կտա վերցնել հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների դիերը:


Հիշեցնենք, որ այս մասին հայտարարել էր Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովը։


Հարցին, թե ինչ քայլեր են անում այս պահին միջազգային կառույցները օդաչուների դիերը վերցնելու ուղղությամբ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք իրենց հետ աշխատում ենք, տեսնենք՝ ինչ կստացվի»:

Նա նաև վստահ է՝ այս հարցում ևս Ադրբեջանը կդիմի ամենավատ քայլերին: «Այնպես է անելու, որպեսզի իրավիճակն էլ ավելի բարդացվի, նյարդայնացնի բոլորին, փորձ է կատարելու դրա միջոցով, իր պատկերացումներով, անախորժություն մտցնել: Իհարկե, չի հաջողվելու այդ ամենը: Ադրբեջանը ևս մեկ անգամ իր վարկանիշն ու իր իսկական դեմքը ցույց է տալիս: Սա է խնդիրը, և դա բոլորի համար պետք է պարզ լինի, այդ թվում նաև նրանց, ովքեր կարծում են, որ միակողմանի զիջումների միջոցով կարելի է ինչ-որ բանի հասնել»,–ասաց նա:


Անդրադառնալով զինվորականների դիերի վերադարձման պահանջով ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի մոտ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի հացադուլին՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ ամեն մարդ ինքն է որոշում իր քայլերը, սա էլ բողոքի մի ձև է:


«Մեր բոլոր գործողություններն այնպիսին պետք է լինեն, որ որպեսզի վնաս չպատճառեն որևէ մեկի առողջությանը: Մեզ համար յուրաքանչյուր հայ մարդու կյանքը շատ կարևոր է»,-ասաց նա:


Խոցված ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների վերադարձման մասով ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ այս պահին երկխոսությունը շարունակվում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Ըստ նրա՝ երկխոսությունը գնում է այն թեմաների շուրջ, որոնք վերաբերում են Ժնևյան կոնվենցիաներին։


«Ե՛վ այս, և՛ մյուս կողմերի հետ մենք ակտիվ աշխատում ենք: Իսկ թե ինչ է ընթացքում խոսվում, մենք դրանց որևէ մեկնաբանություն տալ չենք կարող»,-ասաց նա: