Բաքվում առաջարկում են բոյկոտել ռեստորանը, որտեղ հայազգի երգչուհի Շերի երգն է հնչել

11:31 • 18.11.14

Բաքվի ռեստորաններից մեկում ազգությամբ հայ երգչուհի Շերի երգը հնչեցնելը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցի ադրբեջանցի օգտատերերի շրջանում:

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд.az-ը, ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Բաքվի Mado թուրքական ռեստորանային  ցանցում հնչել է էթնիկ հայ Շերիլին Սարգսյանի երգը:

 

Այդ կապակցությամբ տեսակետ է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազայիլ Աղամալըն:

 

«Որպես Ադրբեջանի քաղաքացի՝ ես հայտարարում եմ, որ նման իրադրություններում հասարակական կարծիքը շատ կարևոր է: Այդ սրճարանը պետք է տուգանվի»,-ասել է պատգամավորը՝ նշելով, որ նման թշնամական երգ հնչեցնելն «ավելի վատ է, քան հայ լինելը»:

 

Պատգամավորը նշել է, թե այդ կերպ վնաս է հասցվում «Ադրբեջանի ազգային նկարագրին», և ռեստորանը պետք է բոյկոտել ու լրջորեն պատժել: