Եվրոպայում ճանապարհային երթևեկության համար վտանգավոր երկրները

15:40 • 18.11.14

Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում Եվրոպայում ճանապարհային երթևեկության վտանգավորության մակարդակով: Այդ մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային բանկի տվյալները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

Վիճակագրության համաձայն՝ մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով Եվրոպայում առաջատար դիրք է զբաղեցնում Ռուսաստանը: 100 հազար բնակչի հաշվով Ռուսաստանում գրանցվում է 18,6 մահ՝ 27 100 ավտոմեքենայի դեպքում: Ցուցակի երկրորդ տեղում հայտնված Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով գրանցվում է 18,1 մահ: Երրորդ տեղն է զբաղեցնում Վրաստանը՝ 16,565 ավտոմեքենայի դեպքում 15,7 մահ ցուցանիշով: Ադրբեջանում 11 200 ավտոմեքենայի դեպքում արձանագրվում է 13,1 մահ՝ 100 հազար բնակչի հաշվով:

 

Կոմունիզմի անկումից ավելի քան երկու տասնամյակ անց Եվրոպան մնում է տարբեր առումներով դեռևս բաժանված աշխարհամաս: Դրա մեկ օրինակ է երթևեկությանը վերաբերող վիճակագրությունը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Արևելյան եվրոպացիները դեռևս ավելի քիչ ավտոմեքենաներ ունեն, քան արևմտյան եվրոպացիները, բայց ճանապարհներին մահացու ելքով պատահարների տոկոսը շարունակում է միջինում ավելի բարձր մնալ, քան Արևմուտքում:

 

Վիճակագրության համաձայն՝ Եվրոպայում երթևեկության առումով ամենաապահով երկրներն են Իսլանդիան և Շվեդիան՝ 100 հազար բնակչի հաշվով, համապատասխանաբար, 3 և 2,8 մահվան ցուցանիշով: