Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցը 100 տարեկան է
Երևանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որին ներկա էին ինչպես համալսարանական կլինիկական հիվանդանոցի անձնակազմը, այնպես էլ այլ կլինիկական հիվանդանոցի ներկայացուցիչներ և հյուրեր:
Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի 100-ամյակը շնորհավորելու էին եկել ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, ԼՂՀ առողջապահության փոխնախարարը և ՀՀ խոշոր բժշկական հաստատությունների և ծառայությունների ղեկավարներ:
Շնորհավորական խոսքով հանդես գալով՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանն ասաց. «100-ամյա հոբելյանը մեծ խորհուրդ ունի: Ուզում եմ ցիտել իմաստուններից մեկի խոսքը. առողջությունն այնքան է գերազանցում մեր կյանքի մնացած բոլոր բարիքներին, որ աղքատ առողջն ավելի երջանիկ է, քան հարուստ թագավորը»:
Հանդիսավոր նիստին հաջորդելու է «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը:
ԵՊԲՀ Միքայել Նարիմանյանի խոսքով՝ գիտաժողովի նպատակն է համախմբել ԵՊԲՀ փորձառու և երիտասարդ գիտնականներին, համալսարանական կլինիկաներում և կլինիկական ամբիոններում հետազոտական գործունեություն իրականացնող մասնագետներին, ներկայացնել և քննարկել բժշկագիտության վերջին տարվա ձեռքբերումները և գիտական հետազոտությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև ամփոփել բուհում իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված խմբերի կողմից կատարվող հետազոտությունների արդյունքները:










