Ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ հայկական կողմը ցույց տվեց, որ ավելի շատ սիրում է գործ անել, քան մեծ-մեծ խոսել. Ս. Սաֆարյան

13:59 • 19.11.14

Այն ինչ հիմա կատարվում է կարևոր և մտահոգիչ է, որովհետև որերորդ օրն է հայկական կողմը չի կարողանում վերադարձնել խփված ուղղաթիռի անձնակազմի աճյունները: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:


Ըստ նրա՝ կարելի է հստակ ասել, որ ի թիվս այլ խնդիրների՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանը անկարող է լուծել այդ խնդիրը: Նա նշեց, որ Ադրբեջանը մի քանի հարցերում արդեն խոցվել է, մասնավորապես գարնանը Նախիջևանի հատվածում հայկական դիրքերի առաջխաղացումը Ադրբեջանը շատ ծանր տարավ, ինչին էլ ավելացավ հուլիսին դիվերսիոն խմբի վնասազերծումը և ամառային լարվածությունները իր ծրագրով չիրականացնելու հարցը:


«Ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ հայկական կողմը ցույց տվեց, որ ավելի շատ սիրում է գործ անել, քան մեծ-մեծ խոսել, ինչպես Ադրբեջանը»,- ասաց նա և նշեց, որ այդ ամենի պատասխանը Ադրբեջանը որոշեց տալ ուղղաթիռը խոցելով:


«Այժմ էլ փորձում է ապացուցել, որ հայկական կողմը չի կարողանա իր ուզած ժամանակահատվածում վերադարձնել աճյունները և նման տմարդի գործողություններով փորձ է անում Ադրբեջանի հզորության կերպար ստեղծել»
,- ասաց նա:


Ստեփան Սաֆարյանը անդրադառնալով այս դեպքի առնչությամբ ԵԱՀԿ-ի գործողություններին, ասաց, որ չափազանց մտահոգիչ է ԵԱՀԿ-ի կարողությունների սահմանը:


«Մի կողմից հայկական երկու կողմերը՝ Հայաստանը և Արցախը, միշտ նշել են, որ ԵԱՀԿ-ն միակ ձևաչափն է, որտեղ այդ խնդիրը պետք է լուծվի, սակայն մյուս կողմից նկատելի է, որ Ադրբեջանը բացահայտ ձեռնոց է նետել միջազգային կառույցներին և ԵԱՀԿ-ն պետք է լուրջ գնահատի իրավիճակն ու որոշում կայացնի»,- ասաց նա և նշեց, ո ԵԱՀԿ-ն լարված իրավիճակում օպերատիվ արձագանքելու կարողություն չունի, և դա ասում է Կասպշիկի հայտարարությունը:


Ստեփան Սաֆարյանը եզրակացրեց, որ եթե անակնկալ սրվի իրավիճակը, ապա ԵԱՀԿ-ին ժամանակ է պետք լինելու, որ միջամտություն անի:


Բանախոսն համաձայնեց այն կարծիքի հետ, որ Ադրբեջանի արկածախնդրությունը քաղաքական հարթությունում անպատասխան թողեցինք և չհասանք որևէ բանաձևի ընդունմանը, որը կդատապարտեր Ադրբեջանի գործողություները, սակայն կարծում է նաև, որ միջազգային կառույցների անհասցե հայտարարությունները անպատժելիության մթնոլորտ ստեղծեցին: «Հայկական կողմը պետք է ոչ թե լարի իրավիճակը, այլ հանգուցալուծի»,-ասաց նա: