Եռյակի ձևաչափն անփոփոխ է, բայց շարժման մեջ այլ ուժեր էլ կարող են ընդգրկվել. Լևոն Զուրաբյան

15:45 • 19.11.14

Եռյակի ձևաչափն անփոփոխ է, բայց ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քաղաքական այլ ուժերին ընդգրկվել շարժման մեջ. այսօր պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավոր է եռյակին այլ ուժեր միանան, ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:


«Համաժողովրդական շարժմանը միանալու սահմանադրական իրավունք ունի յուրաքանչյուրը»,- ասաց նա: Իսկ թե որքան հեռանկարային կարող է լինել մի ուժ, որը պարբերաբար քննադատել է իրենց, Զուրաբյանն արձագանքեց. «Մենք նման հարցերի վրա չենք կենտրոնանում: Կարող ենք համագործակցության ֆորմատներ մշակել արտախորհրդարանական ուժերի, հասարակական խմբերի հետ, իսկ թե անցյալում ում հանդեպ ենք համակրանք, հակակրանք ունեցել...»:


Իսկ հարցին, թե ՀԱԿ-ն էլ է ԲՀԿ-ի նման սեղմում Տիգրան Կարապետյանի ձեռքը, նշեց. «Ես հիմա նման պոետիկ ձևով չէի ցանկանա խոսել: Քաղաքական պրոցես է, եթե աջակցում են, դա իրենց սահմանադրական որոշումն է»:


Լրագրողները հետաքրքրվեցին Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից և դրա մասին ՀԱԿ-ի կարծիքը խնդրեցին, ինչը սակայն, Զուրաբյանը նպատակահարմար չգտավ մեկնաբանել:


Թե ինչն է խանգարում արագ իշխանափոխությանը` հաշվի առնելով, որ նախկին լիդերներն էլ են միացել շարժմանը, Զուրաբյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ ինչ-որ բան խանգարում է»: Բայց կոնկրետ իշխանափոխության օր հայտարարելը լուրջ չհամարեց: «Հայաստանում եղել են դեպքեր, երբ հայտարարվել է իշխանափոխության ոչ միայն օրը, այլև ժամը, մենք մեր հարգանքի տուրքն ենք տալիս այդ գործիչների լավատեսությանը, բայց կարծում ենք, որ դա լուրջ չէ: Բոլոր նախադրյալները կան իշխանափոխության համար, ժողովրդի համբերությունը սպառված է և՛ ներքին, և՛ արտաքին բոլոր գործոնները հասունացած են, ու մենք գնում են այդ ճանապարհով: Հաղթանակի համար բոլոր նախադրյալները կան»,- նշեց նա: