2012 թվականին Եվրամիության քաղաքացի է դարձել 800 հազարից ավելի օտարերկրացի. Եվրահանձնաժողով
2012 թվականին Եվրոպական միության նոր քաղաքացիներ են դարձել 800 հազարից ավելի օտարերկրացի: Նման տվյալներ է հրապարակել Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությանը, գրում է ТАСС-ը:
«2012 թվականին 818 հազար մարդ ստացել է քաղաքացիություն ԵՄ 28 երկրում, ինչը 4 տոկոսով ավելի է 2011 թվականից և 6 տոկոսով ավելի՝ 2009 թվականից»,- բացատրել են Եվրահանձնաժողովում:
Եվրամիության նոր քաղաքացիների թվում ամենաշատը (59 300) Մարոկկոյից ներգաղթյալներն են: Մարոկկոյին հետևում են Թուրքիան (53 800), Հնդկաստանը (36 900) և Էկվադորը (28 900):
«Այստեղ ցուցանիշները փաստացիորեն չեն փոխվել անցած տարիների համեմատությամբ: Մարոկկացիները և թուրքերն ամեն տարի առաջատար դիրքում են»,- նշում է մամուլի ծառայությունը:
Ինչ վերաբերում է պետություններին, որոնք ամենաշատն են նոր քաղաքացիներ ընդունել, ապա դրանց թվում առաջին տեղը զբաղեցնում է Հունգարիան, դրան հետևում է Շվեդիան և Լեհաստանը: Ամենաքիչը 2012 թվականին քաղաքացի է ընդունել Չեխիան, Սլովակիան, Էստոնիան և Ավստրիան:










