Լուգանսկի առաջնորդը Պորոշենկոյին մենամարտի է հրավիրել
Ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մենամարտի է հրավիրել:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին ասված է Լուգանսկի ղեկավարի՝ Ուկրաինայի առաջնորդին հղած նամակում:
«Եկեք հին սլավոնացի առաջնորդների նման միանձնյա գործենք: Ով հաղթի, նա էլ թող հակառակորդ կողմին պամաններ թելադրի: Ինչո՞ւ փոխադարձ ատելություն հրահրել և ոչնչացնել մարդկանց, տնտեսությունը, քաղաքները: Այդ վերքերը թե՛ Ձեզ, թե՛ մեզ կստիպեն տասնամյակներ հատուցել: Ավելի լավ չէ՞ ավարտել բոլոր տարաձայնությունները դեմ առ դեմ»,- գրել է Լուգանսկի առաջնորդը:
Նա Պորոշենկոյին առաջարկել է ընտրել մենամարտի օրն ու տեղը, ինչպես նաև նրան է տվել զենքն ընտրելու հնարավորությունը: Պլոտնիցկին նաև հայտարարել է, որ դեմ չէ մենամարտը հեռուստատեսությամբ ցուցադրելուն:
Պլոտնիցկին խոստացել է հաղթանակի դեպքում հայտարարել ռազմական գործողությունները դադարեցնելու, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից բոլոր «օրինական, կիսաօրինական, անօրինական զինվորական միավորումները դուրս բերելու մասին»:
«Եթե դուք դեռ ցանկանում եք թափել ձեր զինվորների, կանանց, մայրերի, տարեցների ու երեխաների արյունը, ապա ապացուցեք, որ պատրաստ եք թափել ձեր արյունը նույնպես: Ընդունեք այս մարտահրավերը»,- եզրափակել է նա:










