Առատ ձյունը հանգեցրել է Նյու Յորք նահանգի հիմնական ավտոմայրուղու մոտ 200 կմ-ի փակմանը (լուսանկարներ)
ԱՄՆ հյուսիսային նահանգներում շարունակվող առատ ձյունը գրեթե կաթվածահար է արել ավտոմոբիլային երթևեկությունը Բուֆալո քաղաքում և հանգեցրել է Նյու Յորք նահանգի հիմնական ավտոմայրուղու ավելի քան 200 կմ հատվածի փակմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ինչպես հայտնում է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, իրավապահներն այժմ ստիպված են տաք հագուստ փոխանցել վարորդներին, որոնք մնացել են ձնակույտերում, որոնց բարձրությունը որոշ ճանապարհներին հասնում է 1.5 մետրի։
Նահանգի իշխանությունները շտապ միջոցներ են ձեռնարկում վարորդներին տարհանելու համար և խորհուրդ են տալիս նրանց դուրս չգալ մեքենաներից, եթե նույնիսկ վերջացել է բենզինը։ Հակառակ դեպքում, փրկարարներին դժվար կլինի գտնել մարդկանց գիշերը։
Թեև այս շրջանների բնակիչները սովոր են ձյան տեղումներին, նման առատ տեղումներ, այն էլ՝ նոյեմբերի կեսերին, այստեղ չեն հիշում։





























