Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը սկսվեց և անմիջապես հետաձգվեց

16:04 • 19.11.14

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի ասնակցությամբ վթարի գործի քննությունը:


Դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց: Այն կսկսվի նախանշվածից 30 րոպե ուշացումով (նախատեսված էր 15:00-ին): Նման խնդրանքով դատարանին է դիմել տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:


Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց այդ 30 րոպեի ընթացքում դատարանին ներկայացնել մի փաստաթուղթ, որը անմիջական կապ ունի նախորդ դատական նիստում ներկայացված փաստերի հետ: Նա նշեց, որ ժամանակը տնտեսելու համար կարող է այդ 30 րոպեի ընթացքում ներկայացնել իր ասած փաստաթուղթը: Նիստը նախագահող Վաղինակ Մկրտչյանը որոշեց հետաձգել նիստը՝ մինչ տուժողների փաստաբանի ներկայանալը:


Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու միջնորդություն էր ներկայացրել: Տուժողների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդության մեջ նշված բոլոր փաստերը ստուգելու համար պահանջել էր 20 օր:


Ավելի ուշ Tert.am-ի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասել էր, թե թեև արդեն միջնորդությունը ներկայացրել է, սակայն հնարավոր է՝ միջնորդությունը լրացնելու խնդիր լինի: 


«Կան որոշ հիմքեր, որոնք այն ժամանակ մեզ հայտնի չէին, ավելի ստույգ չունեինք ապացույց, իսկ այսօր մենք արդեն ունենք բավականին լուրջ ապացույց, որը կներկայացնենք հաջորդ դատական նիստում»
,-տեղեկացրել էր պաշտպանը: