Մեզ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում քաղաքական կուսակցությունները. Ռազմիկ Պետրոսյան
«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի եռյակի հետ ազատամարտիկների դաշինքի մասին, ասել է. «Եթե գալու են՝ վերջնականապես տուն չգնալու նպատակով՝ կնստեն, կկանգնեն, չգիտեմ ինչ կանեն, այսինքն՝ շարունակություն կունենա, մենք անելիք ունենք, իսկ եթե պիտի գան, հետո նախկինի պես հետ գնան, արդեն դա ավարտվել է: Արդեն այդտեղ անելիք չկա»:
Tert.am-ի հետ զրույցում Ռազմիկ Պետրոսյանն ասաց, թե հանդիպում են եռյակի անդամների հետ, իրենց ծրագրերից տեղյակ են, մարտավարությունից՝ նույնպես:
«Ճիշտ է, մի քիչ ձգձգվում է, բայց առանց ցնցումների հաղթելու հավանականությունը շատ ավելին է: Եթե գործողությունները ձգձգվում են, բայց իրենք հիմնավորում են, թե հավանականությունը մեծ է՝ հասնելու վերջնական իշխանափոխության, այդ դեպքում մենք կշարունակենք մեր համագործակցությունը»,-ասաց ազատամարտիկը՝ նշելով, որ իրենց չի հետաքրքրում, թե ինչ են մտածում քաղաքական կուսակցությունները, իրենց բուն նպատակն է հետաքրքիր:










