G20-ի շրջանակում Օբամայի և Պուտինի քնքշանքները կոալաների հետ ավստրալացիներին արժեցել են 16.000 եվրո. Le Figaro
Կոալաների հայտնվելը «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում պետք է մեղմացնող ազդեցություն ունենար մասնակիցների վրա, գրում է Սիմոն Բլենը Le Figaro ֆրանսիական պարբերականում։
Նոյեմբերի 15-ին Բրիսբենում Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հրավիրել էր իր գործընկերներին կոալաների հետ լուսանկարվելու։ Այդ միջոցառման արժեքը բացահայտել է ավստրալական մամուլը, փոխանցում է inopressa.ru-ն։
Եթե 2 կոալաների ներկայությունը գագաթաժողովի ընթացքում մեղմացրել է մթնոլորտը, որն արտացոլել է հզոր գերտերությունների և Ռուսաստանի միջև լարվածությունը, ապա արդեն մի քանի օր է «կոալայի դիվանագիտությունը» լայնորեն քննարկվում է երկրում։
Քննարկման կենտրոնում արժեքն է. որքա՞ն է արժեցել Ավստրալիայի խորհրդանիշը գրկելու՝ համաշխարհային առաջնորդներին ընձեռված հնարավորությունը։ Խոսքը 16.000 եվրոյի մասին է, գրում է հոդվածի հեղինակը։
«Համաշխարհային առաջնորդների լուսանկարները, հատկապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինը, տարածվել էին ամբողջ աշխարհում։ Սակայն որքա՞ն է դա արժեցել։ Տեղական պարբերականներից մեկի տվյալներով՝ երիտասարդ կոալան կարող է դիմանալ մարդու ձեռքին օրական ընդամենը 10 րոպե։ Երկու կենդանիների ներկայությունը պահանջել է մասնագետների խմբի առկայություն, ովքեր նախքան գագաթաժողովը սովորեցրել են կենդանիներին շփվել մարդկանց հետ։ Փորձագետներից մեկը հայտնել է, որ կոալան հատուկ էվկալիպտային դիետայի և 20-ժամանոց քնի կարիք ունի»,- գրում է հեղինակը։
Ավստրալական ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Փեթ Կոնրոյը, անմիջապես արձագանքել է՝ «Վլադիմիր Պուտինի հանդեպ կոշտություն ցուցաբերելու փոխարեն, երկրի վարչապետ Թոնի Էբոթը հարկատուների 24.000 ավստրալական դոլար (16.000 եվրո) գումարն է դրել, որպեսզի Պուտինը կարողանա կոալա բռնել ձեռքին»։










