2015 թվականի համար Շվեյցարիայի նախագահ է ընտրվել Սիմոնետա Սոմարուգան

15:19 • 03.12.14

Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի ղեկավար, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սիմոնետա Սոմարուգան չորեքշաբթի ընտրվել է երկրի նախագահ. նա նախագահելու է 2015-ին:

 

Քվեարկությունը կայացել է Բեռնում Դաշնային ժողովի (խորհրդարանի) երկու պալատների համատեղ նիստի ընթացքում, հաղորդում է ТАСС-ը:

 

Երկրի փոխնախագահ է ընտրվել էկոնոմիկայի, կրթության և հետազոտությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Յոհան Շնայդեր-Ամանը:

 

Պաշտոնյաները նոր պարտավորություններն իրականացնելու են նախկինների հետ միաժամանակ. նրանք շարունակելու են ղեկավարել իրենց նախարարությունները:

 

Քվեարկության արդյունքները հայտնի էին նախապես, ինչը խորհրդարանում մեծամասնություն կազմող հիմնական քաղաքական կուսակցությունների միջև փոխզիջման արդյունք է:

 

Շվեյցարիայում նախագահը և փոխնախագահն ընտրվում են ռոտացիայի սկզբունքով կառավարության անդամների միջից մեկ տարի ժամկետով՝ առանց հաջորդ ժամկետի վերընտրվելու իրավունքի: