Պատրաստվում եմ հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ. Ջեյմս Ուորլիք

12:12 • 04.12.14

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցցանցի իր էջում գրառում է արել, համաձայն որի նա Բազելում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում պատրաստվում է հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։

 

«Բազելում ԵԱՀԿ նախարարների խորհրդին պատրաստվում եմ հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ ԼՂ խնդրի կարգավորման հետագա քայլերի մասին խոսելու համար», - մասնավորապես գրել է նա։

 

Հինգշաբթի օրը Բազելում բացվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի ամենամյա նիստը: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերը ողջունել է ԵԱՀԿ 57 անդամ երկրների, 11 գործընկեր պետությունների և մի քանի միջազգային կազմակերպությունների պատվիրակություններին, որոնք առավոտյան ժամանել են Բազելի կոնգրես-կենտրոն:

 

Ավելի վաղ Բազելում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացել էր Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Այդ մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝  Twitter սոցցանցում հրապարակելով նաև լուսանկար։