Գների դեմ պայքարի եղանակ չկա, բացի ժողովրդական ընդվզումից. Արմեն Պողոսյան

15:16 • 04.12.14

Սպառողներին մոտ հեռանկարում լավ բան չի սպասվում. Tert.am-ի հետ զրույցում խոսելով գնաճի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ նշելով, թե գների թանկացումը, իր կանխատեսմամբ, շարունակվելու է մինչև Նոր տարի, իսկ Նոր տարուց հետո, հունվարի կեսերից արդեն՝ կսկսի էժանանալ:

«Ցավն այն է, որ գնաճը հարվածում է առաջին անհրաժեշտության մթերքներին՝ հացին, կաթնամթերքին: Մենք դատապարտված ենք նրանով, որ չունենք կայուն տնտեսական կուրս, և միշտ հարմարվողական տնտեսական քաղաքականություն է վարվում»,-ասաց Արմեն Պողոսյանը:


Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը հնարավորություններ ունի ազդելու գնաճի վրա, սակայն, ըստ նրա, առայժմ արդյունավետ չեն այդ քայլերը:


Հարցին, թե որքանո՞վ են հիմնավորված այդ թանկացումները, Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Կան օբյեկտիվ պատճառներ՝ արտաքին տնտեսության հետ կապված: Բայց այդտեղ կա նաև չբացահայտված կրիմինալ մաս՝ քաշ կեղծել, այլ ցուցանիշներ ևս կեղծել»:


Պողոսյանի գնահատմամբ՝ գնաճի համար 10%-ը սարսափելի թիվ է։ «Երկրի տնտեսական զարգացման ծրագրում գրված է 4,5%, բայց եթե մի քանի օրում 10% է բարձրանում, ուրեմն չկատարված առաջադրանք է դա: Տնտեսական զարգացման ծրագիրն ավելի բարձր փաստաթուղթ է, քան պետական բյուջեն»,-նշեց սպառողների շահերի պաշտպանը:


Թե ի՞նչ է մնում անել սպառողին, Արմեն Պողոսյանի պատասխանը միանշանակ է. «Գների դեմ պայքարի եղանակ չկա, բացի ժողովրդական ընդվզումից: Իսկ ընթացիկ քայլեր կան. եթե դրանք հատկապես կապված են տարբեր մանիպուլյացիաների հետ, պետք է չզլանալ և ահազանգել համապատասխան մարմիններին»: