Գրոզնիում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ. ոչնչացվել է վեց գրոհային
Գրոզնիում «Տպագրության տանը» ոչնչացվել է վեց գրոհային: Այդ մասին իր Instagram-ի էջում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, գրում է gazeta.ru-ն:
«Ավազակների ոչնչացման գործողությունը մտնում է եզրափակիչ փուլ: Վեց ահաբեկիչ արդեն ոչնչացվել է «Տպագրության տանը»»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է Գրոզնիում «Տպագրության տանը» գրոհայինների խմբի արգելափակման և մի քանի իրավապահների մահվան փաստը: Քաղաքի կենտրոնում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով ազգային հակաահաբեկչական կոմիտեի մամուլի ծառայությանը:
«Այսօր մոտ ժամը մեկին Գրոզնի քաղաքում երեք ավտոմեքենաներով շարժվող անհայտ անձանց խումբն իրականացրել է զինված հարձակում ճանապարհային պարեկային ծառայության անցակետի վրա: Այնուհետև չարամիտները ներխուժել են Լորսանովի և Մայակովսկու փողոցների խաչմերուկում Տպագրության տուն… Այժմ դեպքի վայր են բերվել Անվտանգության դաշնային ծառայության, Ներքին գործերի նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների ուժերը և միջոցները, ովքեր ամբողջովին արգելափակել են «Տպագրության տան» շենքը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ազգային հակաահաբեկչական կոմիտեի օպերատիվ շտաբի ղեկավարի հրամանով Գրոզնիի կենտրոնում սահմանվել է հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմ:
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ նախնական տվյալներով «Տպագրության տան» շենքում ոստիկանության աշխատակիցների կողմից արգելափակվել է վեց գրոհային:
Ավելի վաղ հաղորդվել է, որ երեք ոստիկան է մահացել Գրոզնիում մեքենան կանգնեցնելու փորձի ժամանակ, որում ենթադրաբար գտնվել են անօրինական զինված խմբավորման անդամներ:










