Թող ուրեմն, մեծամասնությունը վայելի «վարունգի պարֆյումերիան» .Ս. Սաֆարյանը ԵՏՄ ընտրության մասին
Մեր ժողովուրդը, թերևս, պետք է ճաշակի այն ընտրությունը, որն ինքն է կատարել՝ կրելով ԵՏՄ-ի հետևանքները, այդ թվում՝ «վարունգի պարֆյումերիան». Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:
«Չես կարող համառել, եթե մեծամասնության ցանկությունը սա է, ապա մեծամասնությունն ինքը թող պատրաստ լինի դրան»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը կոչ է անում 2015թ. նախապատվություն տալ տեղական արտադրության ապրանքներին, որի տակ այլևս կարելի է հասկանալ Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրվող ապրանքները։ Հավանական թանկացող ապրանքների թվում էր նաև օծանելիքը, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե հայ կանայք վերստին «Тройной одеколон» են օգտագործելո՞ւ կամ վարունգի «դուխի»:
Հիշեցնենք նաև, որ երեկ Tert.am-ը զրուցել էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, օծանելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Բուրմունք» ցանցի սեփականատեր Գարեգին Նուշիկյանի հետ, ով ի պատասխան հարցի, թե գիտի Եվրասիական տարածքում արտադրվող որևէ լավ օծանելիք, ասել էր. «Ճիշտն ասած՝ ինչ-որ «Чистая линия»՝ «Մաքուր գիծ», ինչ-որ տենց մի բան աչքովս ընկել է»:










