Համոզված եմ՝ առաջիկա 2-3 օրվա ընթացքում արժույթի տատանումները կկանոնակարգվեն. վարչապետ

17:27 • 04.12.14

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին լրագրողները տեղեկացրին, որ նրա նշած 5%  գնաճից ավելին է շուկայում գնաճը, ինչին ի պատասխան վարչապետը նշեց, թե ինքը խոսել է մոնիթորինգի  արդյունքների հիման վրա. «Դրա համար  հանձնարարեցի, որպեսզի հաջորդ կառավարության նիստին մենք ևս մեկ անգամ դիտարկենք հարցը: Ամեն դեպքում մեզ դա մտահոգում է, և մենք փորձում ենք օգտագործել լծակներ, որպեսզի  գնաճը լինի ոչ ավել, քան պետք է լինի: Մենք ամեն ինչ փորձում ենք անել, դա կախված չէ մեր ներքին տնտեսական զարգացումներից, դա ուղղակի  տարածաշրջանային զարգացումների արդյունքն է, որ ունենում է իր բացասական արդյունքը»:


Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ներկրողների խնդիրն է դժվարանում դոլարի արժևորման պարագայում, քանի որ նրանք ապրանքը դրսում գնում են դոլարով և վաճառում դրամով: «Այդ իսկ պատճառով շահույթների վրա ունենում է բացասական ազդեցություն: Գոնե այս  պարագայում ամեն ինչ պետք է անել, որ ներկրողները կարողանան առանց շահույթի կամ առանց կորուստի դուրս գալ, դա է  մեր խնդիրը: Խոսում ենք, քննարկում ենք, փորձում ենք խորհուրդներ տալ և ես կարծում եմ, որ Կենտրոնական բանկի ուշադրության ներքո է, որ այդ խնդրին լուծում տա»,- ասաց նա:


Հարցին, թե բյուջեի հիմքում դոլարի փոխարժեքի 411 դրամ է դրված, արդյոք դա ծախսերում խնդրի պատճառ չի դառնա, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Դա օրենքի պահանջ է, առաջիկայում մենք դա կդիտարկենք, ուղղակի նոյեմբերի 1-ի կուրսը պետք է դնենք բյուջեի հիմքում, և այդպես էլ մենք վարվել ենք»:


Իսկ հարցին թե խնդիր չի առաջացնելու ծախսերում ՝ վարչապետը նախ հարցրեց, թե ինչ խնդիրներ և ապա հավելեց. «Եթե դոլարը տատանվի ավելի շատ, քան այսօր կա, կարծում եմ կունենա հետևանքներ, բայց ես համոզված եմ, որ առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կկանոնակարգվի: Դա ասացի ուղղակի ներքին տնտեսության հետ կապ չունի»:


Դիտարկմանը, թե ինչպես է  համոզված, եթե սպեկուլյատիվ երևույթների հետ չի կապված. վարչապետը հակադարձեց. «Բա եթե վարչապետը համոզված չլինի, ով պետք է համոզված լինի…որովհետև իմ տեղեկությունն  ավելի շատ է, քան թե ձերը»:


Իսկ թե ինչ հիմքեր ունի նման համոզմունքի համար՝  հակիրճ պատասխանեց. «Բոլոր»: