Հրավիրվել են ՀԲ փորձագետներ, մինչև մարտ ամիս «Նաիրիտի» ճակատագիրը կորոշվի. ՀՀ վարչապետ
Մենք հնարավորության սահմաններում փորձելու ենք անպայման օգտակար լինել, և այսօր վճարելու ենք նաիրիտցիների նոյեմբերի ու դեկտեմբերի աշխատավարձերը. այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ՝ ի պատասխան դիտարկմանը, որ «Նաիրիտի» աշխատողներն այսօր կրկին բողոքի էին դուրս եկել աշխատավարձերի պահանջով, այն դեպքում, երբ Կառավարությունը խոստացել էր իրենց աշխատավարձերի ամբողջական պարտքը մարել։
«Նման խոստում չի եղել»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նկատեց, թե ինքը դեմ է, որ չաշխատող գործարանի տնօրենը ստանա երկու միլիոն վեց հարյուր հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրենը՝ երկու միլիոն երեք հարյուր հազար դրամ։ «Ես դեմ եմ նման պահվածքին և տնօրենների խորհուրդը դա պետք է վերանայի»,-ասաց նա:
Թե ի վերջո ի՞նչ է լինելու գործարանի ճակատագիրը՝ վարչապետը պատասխանեց, թե չորս տարի է՝ գործարանը չի աշխատում: «Հիմա մեզ առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որ կուտակվել է անհիմն»,-ասաց նա և հավելեց, որ խնդրել են, որ Համաշխարհային բանկը տրամադրի մասնագետներ, փորձագետներ և տան առաջարկներ:
«Մինչև մարտ ամիս այդ առաջարկը կլինի, ու «Նաիրիտի» ճակատագիրն էլ այդ ժամանակ կորոշվի: Եթե հնարավորություն կլինի աշխատեցնելու, Կառավարությունը կաջակցի այդ գործընթացին»,-նշեց նա:
Իսկ թե պարզե՞լ են, թե ի վերջո ով է գործարանի սեփականատերը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ այս պահին ռուսական « Межгосбанк»-ում արժեթղթերի 90%-ը գրավ է դրված, իսկ 10%-ը պատկանում է Կառավարությանը:










