Պուտինը Ռուսաստանի բանկից կոշտ գործողություններ է պահանջել

14:55 • 04.12.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է Դաշնային ժողովին, որ Ռուսաստանի բանկը չի հետ քաշվել վերջին ամիսներին հետևողականորեն թուլացող ռուբլու փոխարժեքի վրա ազդեցությունից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Պուտինը պահանջել է, որ Ռուսաստանի բանկն իրականացնի «կոշտ համակարգված գործողություններ», որպեսզի «սպեկուլյանտների մոտ վերանա ռուսական արժույթի տատանումների վրա խաղալու ցանկությունը»:

 

Պուտինի խոսքով՝ «իշխանությունները գիտեն, թե ովքեր են այդ սպեկուլյանտները, և կան նրանց վրա ազդեցության գործիքներ»:

 

Ռուսաստանի նախագահը կոչ է արել նաև իշխանություններին ապահովել մթերքների, դեղերի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գների հսկողությունը:

 

Պուտինի խոսքով՝ «ռուբլու թուլացումն ուժեղացնում է կարճաժամկետ գնաճի ռիսկերը»: «Անհրաժեշտ է պաշտպանել քաղաքացիների շահերը, առաջին հերթին՝ քիչ եկամուտով քաղաքացիների»,- ասել է նա:

 

Միևնույն ժամանակ, Պուտինը կարծիք է հայտնել, որ ազգային արժույթի թուլացումը մեծացնում է հայրենական ընկերությունների մրցունակությունը և առաջարկել է երեք-հինգ տարվա ընթացքում մարդկանց ապահովել որակյալ և մատչելի դեղերով և ապրանքներով: