Վրաստանը մերժել է «Трансаэро»-ին դեպի Թբիլիսի պարբերական չվերթներ իրականացնելու հարցում

11:33 • 04.12.14

Վրաստանը մերժել է դեպի Թբիլիսի ռուսական «Трансаэро» ավիաընկերության պարբերական չվերթներ իրականացնելու թույլտվությունը և կրճատել է «Аэрофлот» և «Сибирь» ընկերությունների չվերթները՝ շաբաթական 14-ից հասցնելով 10-ի։ Դա արվել է ազգային փոխադրող Georgian Airways-ի շահերը պաշտպանելու համար, որը միայնակ մրցակցում է ռուսական խոշորագույն ավիաընկերությունների հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը, գրում է ria.ru-ն:

 

Նման միջոցները ձեռնարկվել են երկրի քաղաքացիական ավիացիայի գործակալությունում՝ Georgian Airways-ի «կտրուկ պահանջի» հիման վրա: Նախարարությունից հավելել են, որ գործակալությունը նաև հրաժարվել է «Трансаэро»-ին և «Глобус»-ին («Сибирь»-ի դուստր ընկերություն) տրամադրել «պարբերական չվերթների մշտական արտոնագիր»:

 

Անցած շաբաթ Georgian Airways-ը մեղադրել է «Аэрофлот»-ին Մոսկվայի և Թբիլիսիի միջև ավիատոմսերի գների արհեստական նվազման համար, ինչի հետևանքով վրացական ընկերության չվերթների ծանրաբեռնվածությունը կրճատվել է 60-70 տոկոսով: Georgian Airways-ի գլխավոր տնօրեն Իյասա Զաուտաշվիլին սպառնացել է դադարեցնել այդ ուղղությամբ չվերթները: «Коммерсант» թերթի Թբիլիսիում աղբյուրների տվյալներով՝ վրացական ավիափոխադրողի օգտին խնդիրը լուծելու համար օգտագործվել են «հնարավոր բոլոր կապերը պատգամավորական շրջանակներում և անգամ՝ պատրիարքարանը»: