ԵՏՄ-ն ժամանակավոր միջոց է՝ այս կառույցի շրջանակներում առաջ մղելու ՀՀ շահը. Ս. Ֆարմանյան

13:06 • 04.12.14

Քննարկումներում չպետք է գերագնահատել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի որոշման պատմական նշանակությունը. պայմանագրի քննարկումն ԱԺ-ում այսօր շարունակվեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթով:


Հիշեցնենք, որ քննարկումը երեկ ավարտվել էր մտքերի փոխանակության փուլում:


«Եվ պետք է ի նկատի ունենալ, որ տեղի ունեցածը ժամանակավոր հանգրվան է՝ պայմանավորված նախորդ 2 տասնամյակում մեր երկրում տեղի ունեցած և աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված զարգացումներով, որպես դրանց օբյեկտիվ հետևանք: Ցանկացած փոքր պետություն և աշխարհաքաղաքական նման պայմաններում ապրող պետություն, ինչպիսին Հայաստանն է,  ցանկացած իրավիճակում   մեր դեմ հառնելու է այս կամ այն միությունում լինելու ու դաշնակցելու խնդիրը, սակայն  պետք է նկատի ունենալ, որ որևէ դաշնակցություն՝ որևէ կառույցի շրջանակներում, սոսկ ժամանակավոր միջոց է՝ առաջ մղելու մեր ազգային շահերը, և այս հարցում որևէ տաբուներ չկան և երբևէ լինել չեն կարող»,-հայտարարեց Սամվել Ֆարմանյանը:


Անդրադառնալով այս հարցի վերաբերյալ նախորդ քննարկումներին՝ նա առաջարկեց ծայրահեղ գնահատականներ չտալ, և հայ ժողովուրդն էլ կանգնած չէ քաղաքակրթական ընտրության առաջ, ինչպես փորձ է արվում ներկայացնել:


«Հայ ժողովուրդն իր անցյալով ու մշակույթով եվրոպական քաղաքակրթության մայր զարկերակներից մեկն է, և այստեղ որևէ բան քննարկելու կարիք չկա»,-ավելացրեց նա:


Այս համատեքստում նա նկատեց, որ «պատմության շառավիղներում» հաճախ ենք մեզ բարձրացրել կամ իջեցրել և մեզ դրել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կիզակետում, ու դրա արդյունքում մեզ դրել զոհասեղանին:


Սա Սամվել Ֆարմանյանը որակում է որպես ոչ այլ ինչ, քան ներքին սատանայական մղում, և անկախ պետականության պայմաններում, ըստ նրա, պետք է զերծ մնալ այդ զոհասեղաններին դնելու վարքագծից:


Պատգամավորն այս համատեքստում մի զգուշացում է անում, թե ինչ Հայաստանն առնվազն պարտավոր է չանել: Այն է՝ չհայտնվել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման կետերում, ինչն օրինակ՝ տեղի ունեցավ Ուկրաինայի պարագայում:


Հավելելով, որ բոլորի համար ակնհայտ է, որ այս համակարգին անդամակցությունը նաև անվտանգության գործոնով է պայմանավորված, պատգամավորը կոչ արեց այս անվտանգության գործոնը ևս չգերագնահատել, քանի որ պատմության տրամաբանությունից ելելով, երբեք չի կարելի բացառել, որ մեր «դժվար հարևանները» կարող են մի օր հայտ ներկայացնել լինելու այն կազմակերպությունում, որտեղ մենք ենք:


Նա առաջարկեց չմոռանալ, որ այս նախաձեռնությանը նախորդեցին հայ-թուրքական արձանագրությունները, նախաձեռնություն, որը Հայաստանի ապաշրջափակման նպատակ էր հետապնդում:


«Եվ ցավոք, պետք է ընդունել, որ միջազգային հանրությանը չհաջողվեց Թուրքիայի վրա ճնշում գործադրել ՝ բացելու այդ սահմանը, ինչը առավել մեծ մանևրելու հնարավորություն կտար Հայաստանի Հանրապետությանը»,-ավելացրեց նա:


Ի լրումն, Սամվել Ֆարմանյանն իր խոսքում նշեց, որ պայմանագիրը քննարկելիս պետք է ի նկատի ունենալ, որ նման որոշման կայացման ողջ համատեքստի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը նախ և առաջ տիրապետում է ՀՀ Նախագահը:


«Եվ հանրապետության Նախագահի կողմից ներկայացված փաստարկները, իմ պատկերացմամբ, եղել են շատ համոզիչ, և երկրորդ հանգամանքը, որ ՀՀ Նախագահի կայացրած որոշման վերաբերյալ հասարակության ճնշող մեծամասնությունն ունի դրական վերաբերմունք»,-ասաց նա:


Նշենք, որ ԵՏՄ պայմանագրի քվեարկությունն ԱԺ-ում տեղի կունենա ժամը 17:00-ին: