ԱՄՆ-ում դատարանը հրաժարվել է շիմպանզեին անձ ճանաչել

10:09 • 05.12.14

Նյու Յորքի վերաքննիչ դատարանը մերժել է շիմպանզեի իրավունքները մարդու իրավունքներին հավասարեցնելու կենդանիների պաշտպանների հայցը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Սթիվեն Վայսը պահանջել է ճանաչել Թոմի անունով 26-ամյա շիմպանզեի իրավունքներն իր ներկայիս տիրոջից ազատվելու և արգելոց փոխանցվելու համար:

 

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ շիմպանզեներն «անկախ կենդանիներ են, որ նրանք օժտված են ինքնագիտակցությամբ և իրավունք ունեն ընտրելու՝ ինչպես ապրել սեփական կյանքը»:

 

Այնուամենայնիվ, դատարանը եկել է եզրակացության, որ Թոմին ունակ չէ իր վրա վերցնել սոցիալական պարտավորություններ, իսկ դա նշանակում է, որ նա չունի օրինական իրավունքներ:

 

Կենդանիների իրավունքների համար պայքարի ակտիվիստներն արդեն հայտարարել են, որ գործը կբողոքարկեն բարձրագույն ատյանի դատարանում: