ՀՅԴ-ն պրիմիտիվ ընդդիմություն չի, ով էլ լիներ նախագահը, ԵՏՄ անդամակցության որոշումը կայացնելու էր. Ա. Ռուստամյան

13:25 • 05.12.14

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ընդդիմադիր ՀՅԴ-ի տեսակետները վերջին շրջանում համընկնում են Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետ, այդ թվում նաև արտաքին, մասնավորպես ԵՏՄ անդամակցության հարցում: ՀՅԴ խմբակցության ղեավարը հակադարձեց. «ՀՅԴ-ն պրիմիտիվ ընդդիմություն չի, որ իշխանությունը մի բան անի, իրենք՝ հակառակը»:


«Սա այն հարցն է, որ ով էլ լիներ նախագահը, այդ որոշումը կայացնելու էր»,- ասաց նա՝ շեշտելով, որ ցանկացած ողջամիտ քաղաքական ուժ, ինչ է թե ընդդիմություն է, չպիտի ուրախանա իշխանության սխալներով:


Թե ինչո՞ւ է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկել ԵՏՄ անդամակցության պայմանագրին, երբ ՀՅԴ-ն նախապես հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու, ասաց.  «Աղվան Վարդանյանը բացատրել է, թե ինչու է ձեռնպահ քվեարկել, նոր բան չունեմ ավելացնելու. մենք նախապես գիտեինք, որ ինքն անձնական խնդիր ունի այդ հարցով, և ըմբռնումով մոտեցանք»:


Նշենք, որ Աղվան Վարդանյանը նշել էր, որ կա օբյեկտիվ իրականություն, որից չես խուսափի:
«Մենք այս իրավիճակում, բնականաբար, այլընտրանքներ շատ չունեինք: Մյուս կողմից` կան նպատակներ, մտածողություն, կենսագրություն, աշխարհընկալում, և ես ծանրութեթև էի անում այս երկու բաները: Եվ քանի որ շատ դժվար էր նման իրավիճակում եզրակացության գալ, ես ձեռնպահ քվեարկեցի` նախապես խմբակցությանը տեղեկացնելով, որ ես անհատապես այդ դիրքորոշումն ունեմ»,- ասել էր նա:


«Մտավորական մարդ է, իր մոտեցումներն ու տեսակետներն ունի, բայց ամբողջությամբ ընկալում է իրավիճակը, որ ստեղծված պայմաններում այլընտրանքի բացակայությունն ու անվտանգության խնդիրները պետք է հաշվի առնել»,- ասաց Ռուստամյանը՝ անդրադառնալով Վարդանյանի քվեարկությանը՝ հավելելով, որ պետք է իրավիճակը գնահատել սթափ ու հասկանալ, որ այս փուլը պետք է հաղթահարել:


Դաշնակցական պատգամավորը հիշեցրեց, որ Դաշնակցությունն է ամենաշատը տեսել աշխարհաքաղաքական վայրիվերումները և այս դեպքում ընտրել է անվտանգությունը: Դիտարկմանը, որ անվտանգության հարցը պատճառաբանություն է դարձել ԵՏՄ-ին կողմ քվեարկողների համար՝ Ռուստամյանն արձագանքեց. «Փաստերն այնքան ճչացող են ու ակնհայտ: Մենք արդարացո՞ւմ ենք գտել՝ ասելով, որ ՀՀ-ն ու Ղարաբաղը պատերազմի ու շրջափակման մեջ են, դա արդարացո՞ւմ է, թե՞ փաստի արձանագրում»: