Ֆեյսբուքը մեր տվյալներն օգտագործել և շարունակելու է օգտագործել գովազդի համար. Սամվել Մարտիրոսյան

13:11 • 05.12.14

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ 2015 թ. հունվարի 1-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի  օգտատերերի անձնական տվյալների նոր քաղաքականության կիրառումը, որը թույլ է տալու փոխանցել դրանք երրորդ անձանց առանց օգտատիրոջը հարցնելու, խոսում է այն մասին, որ «Ֆեյսբուքն» այդ տվյալներն օգտագործել և շարունակելու է օգտագործել գովազդի համար:


«Facebook-ը օգտվում է մեր տվյալներից, որպեսզի գումար աշխատի: Վերջերս սկսել է նաև այլ կայքերում որպես գովազդ օգտագործել մեր գործողությունները: Հիմա իրենք քաղում են նաև տեղեկատվություն բոլոր այն կայքերից, որոնցում տեղադրված է «Ֆեյսբուքի» նշանը»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ շեշտելով, որ իրականում Facebook-ը բոլորին լուրջ հետևում է։


Փորձագետի խոսքով՝ դա միշտ արել են, ուղղակի հիմա բացահայտ ասում են, որ այդ տվյալները տրամադրվելու են գովազդային նպատակներով: Պատճառաբանում են, որ այդպիսով փորձում են հայտնաբերել օրինակ՝ մանկապիղծներին:


«Խոսքն այն մասին է, որ մեր նամակագրություններն այսպես թե այնպես ընթերցվում են, բայց հարցը նրանում է, որ պետք չի պատկերացնել, որ հունվարի մեկից սկսելու է «Ֆեյսբուքը» ձեր նամակները հրապարակել»,-ասաց նա և ավելացրեց, որ եթե օգտատերը չի ցանկանում, կարող է կտրել մալուխը և վերջ: 


Սամվել Մարտիրոսյանը նաև նշեց, որ դժվար է ասել, թե «Ֆեյսբուքից» արտագաղթ կլինի՞, թե ոչ: «Հարցն այն է, որ եթե լինի, ապա ո՞ւր»,-ասաց նա: