2014 թ. սիրիահայ սոցիալապես անապահով 129 ընտանիքի տրամադրվել է դրամական աջակցություն. Երևանի քաղաքապետարան

13:51 • 05.12.14

Սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մի շարք ծրագրեր  են կյանքի կոչվել:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին սիրիահայ սոցիալապես  անապահով  129 ընտանիքի տրամադրվել է դրամական աջակցություն: Կենցաղային իրեր, հագուստեղեն, կոշկեղեն, գրենական պիտույքներ են հատկացվել  580 ընտանիքի, այդ թվում՝ «Էրեբունի-Երևան 2796» սոցիալական ծրագրի  շրջանակում 79 ընտանիքի տրամադրվել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա: Պարենային աջակցություն է ցուցաբերվել 302 ընտանիքի:


Երևանի զբաղվածության ծառայության տարածքային կենտրոններում հաշվառվել է  93 սիրիահայ: Կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել  83 քաղաքացի:


Թվով 49 ընտանիքի տրամադրվել են պետական նպաստներ:  Սոցիալական ծառայության տարածքային բաժիններում փաստագրվել է 32 սիրիահայ, նպաստի իրավունք է ձեռք բերել 24 ընտանիք,  հրատապ օգնություն է նշանակվել 8 ընտանիքի, 17 սիրիահայի տրամադրվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ: Ամառային ճամբարներում հանգստացել  է 23 երեխա:


Ընդհանուր առմամբ, հիմնականում արտահերթ հիմունքներով, Երևանի  թվով 35 ՆՈՒՀ-եր է ընդունվել նախադպրոցական տարիքի  123 երեխա, քաղաքապետարանի ենթակայության թվով 80 դպրոցներում սովորում է 451 աշակերտ, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ 34 երեխա:

 

Նշված ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ է դիմել շուրջ 2230 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։