Ունենք խումբ, որը հանուն անկախության պատրաստ է կորցնել ընդհուպ մինչև կյանքը. Հ. Խառատյան

13:50 • 07.12.14

Նախախորհրդարանի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Նախախորհրդարանի դեպքում մենք ունենք մի խումբ, որը պատրաստ է կորցնել ընդհուպ մինչև կյանքը՝ վերստանալու և վերաձևավորելու մեր երկրի իրական անկախությունը:

 

«Կորուստներ պետք է տանք, որպեսզի ձեռք բերենք կարևորը: Եթե այդ ներդրումը կյանքն է, կյանք պետք է ներդրվի»,- ասաց նա։

 

Հրանուշ Խառատյանը վերջինիս խոսքով՝ հասարակությունն էլ պետք է գնահատի և հասկանա, թե ինչ է կորցնում ինչ շահելու համար:

 

«Միակ տարբերակն իշխանափոխությունն է: Ես վստահ եմ, հույս ունեմ, հավատում եմ և ջանում եմ նույնպես, որ իշխանափոխության գաղափարն իսկապես ամբողջովին ընդունվի հասարակության կողմից և հասարակությունն իր մասնակցության տեղը ճշտի այդ գործընթացում: Ես հավատում եմ և վստահ եմ, որ դա հեշտ չի լինելու, դրան ուղղված քայլերի դեմ ամենատարբեր մակարդակների ուժ է կիրառվելու՝ ձերբակալություններ, սպանություններ և այլն»,- Tert.am-ի հետ զրույցում կանխատեսեց Հրանուշ Խառատյանը:

 

Հարցին, թե ո՞ր դեպքում է Հրանուշ Խառատյանը կանգնում պայքարողների կողքին, նա  պատասխանեց, որ միայն իրական իշխանափոխության պահանջի դեպքում և ավելացրեց.«Կարող եմ ասել, որ ես կանգնում եմ բոլոր այն դեպքերում, որոնք վճռորոշ կերպով պայքարում են ազգային դավաճանության դեմ»:

 

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի խորհրդարանի  որոշմանը, Նախախորհրդարանի անդամը նկատեց, որ հասարակության կողմից բավարար ճնշում չկար, ինչպես նաև հասարակության շրջանում բավարար իրազեկվածություն կար պայմանգրի վերաբերյալ:


Այս համատեքստում Հրանուշ Խառատյանն ասաց.«ԵՏՄ-ի լավագույն ձևակերպումը տվել է Մհեր Սեդրակյանը: Մարդը շիտակ և անկեղծ ասել է այն, ինչ ՀՀԿ-ի իրական համոզմունքն է ԵՏՄ-ի մասին, որ ռուսի իշխանությունը գերադասում ենք մյուսների իշխանությունից: Մարդը հստակ ասել է: ՀՀԿ-ի սերուցքից մեկը բարձրաձայնել է ՀՀԿ-ի ներսում առկա իրական համոզմունքի մասին»:

 

Հիշեցնենք, որ Մհեր Սեդրակյանի  վերը նշված  հայտարարությունը լուրջ դժգոհություն էր առաջացրել, քանի որ նա նաև հայտնել էր, որ ղարաբաղյան պատերազմում հայերը չէին կարող հաղթել առանց ռուսական զինուժի օգնության: