Բրյուսելում գործադուլների պատճառով կաթվածահար է եղել հանրային տրանսպորտի աշխատանքը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, Վալոնյան և Ֆլամանդական Բրաբանտ նահանգներում երկուշաբթի անցկացվում է պետական և մասնավոր հատվածների աշխատակիցների գործադուլների շարքի երրորդ գործադուլը, որն ուղղված է խիստ տնտեսման քաղաքականության դեմ, հաղորդում է ТАСС-ը:
Նշված շրջաններում ամբողջությամբ կաթվածահար է եղել հանրային տրանսպորտի աշխատանքը, այդ թվում նաև երկաթգծային տրանսպորտի:
Մայրաքաղաքում գործադուլավորներն արգելափակում են ավտոմեքենաների մուտքն արդյունաբերական գոտիներ, ինչպես նաև՝ բեռնափոխադրման օդանավակայան: Այդ առնչությամբ չեղյալ է հայտարարվել օդանավակայանում երկուշաբթի օրը նախատեսված չվերթների կեսը:
Բելգիացի աշխատավորները դժգոհում են, որ նոր իշխանությունների կողմից բյուջետային ծախսերի կրճատման և հարկային քաղաքականության փոփոխությունների հետևանքով թագավորության տնտեսապես ակտիվ բնակչության երկու երրորդի մոտ կկրճատվի գնողունակությունը: Նրանք նաև բողոքում են հարկային բեռի և թոշակի անցնելու նախատեսված տարիքի բարձրացման դեմ:










