Հալեպում տեղի ունեցած հուժկու պայթյունը ցնցել է նաև հայկական թաղամասերը

11:47 • 08.12.14

Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ կեսօրից հետո տեղի ունեցած պայթյունի հետևանքով քաղաքն ուժգնորեն ցնցվել է:

Ինչպես տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը, պայթյունը զգալի է եղել նաև հայկական թաղամասերում:

 

Զինյալ խմբավորումները պայթյունն իրականացրել են Հալեպի պատմական բերդի մոտակայքում գտնվող Սուլթանիե մզկիթի մոտ, ինչի հետևանքով մարդկային և նյութական զգալի կորուստներ են արձանագրվել:

 

Պայթյունը երկրաշարժի նման է եղել, ինչի հետևանքով ցնցվել է գրեթե ողջ քաղաքը:

 

Tert.am-ի հալեպահայ աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին օրերին իրադրությունը համեմատաբար հանդարտ է Հալեպի հայահոծ շրջաններում, չնայած հարակից շրջաններից պարբերաբար մարտերի ձայներ են լսվում:

 

Հալեպի բնակիչներին, սակայն, տարատեսակ պայթյուններից ու ռմբակոծություններից ավելի սկսել է անհանգստացնել ստեղծված սոցիալական ծանր իրավիճակը:

 

Հալեպում այս օրերին վառելանյութ գտնելը շատ դժվար է, քանի որ կամ չկա, կամ էլ չափազանց թանկ է ու բնակիչների համար անհասանելի:

 

Էներգամատակարարումը, հեռախոսակապն ու ինտերնետը շարունակում են էական խափանումներով աշխատել: Որոշ թաղամասեր ողջ օրվա ընթացքում մեկ կամ երկու ժամ են էլեկտրաէներգիա ունենում: