Սիրիան պահանջել է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ

08:16 • 08.12.14

Սիրիան ՄԱԿ-ից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ՝ այդ երկրի ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսի 2 թաղամաս ռմբակոծելու համար. այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի գործող նախագահին հղված նամակում, գրում է Лента-ն։


Իսրայելը, ինչպես նշված է Սիրիայի ԱԳՆ-ի նամակում, «սարսափելի հանցագործություն է իրականացրել Սիրիայի գերիշխանության հանդեպ»՝ նյութական վնաս հասցնելով «մի շարք կազմակերպությունների»։


Դամասկոսում կարծում են, որ հարվածներն ուղղված են եղել Սիրիայում գործող «զինված ահաբեկչական խմբավորումների» աջակցությանը, ընդ որում՝ այդ հարվածները հասցվել են երկրի մի շարք շրջաններում  սիրիական բանակի հաղթանակից հետո։


Սիրիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ ռմբակոծությունները չեն ստիպի Դամասկոսին հրաժարվել «ահաբեկչության դեմ պայքարից» և կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։