Ադրբեջանը փորձում է խաթարել ԼՂ բանակցային գործընթացը

15:37 • 09.12.14

Լեռնային  Ղարաբաղի հակամարտությամբ հետաքրքրվող և տեղեկացված կողմերի համար միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանի գործողությունները, ոտնձգությունները մեկ գերխնդիր ունեն` խաթարել բանակցային գործընթացը և դուրս բերել այն խաղաղ կարգավորման հունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարը խախտելու երեկվա դեպքին, որի հետևանքով ԼՂՀ ՊԲ զինծառայող էր զոհվել։

 

«Այդ տրամաբանության մեջ նա պատրաստ է ամեն ինչի` ամենավերջին ստորությունների»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրանք նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից սեփական ժողովրդի դեմ ուղղված գործողություններ են և այդ տարբերակով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ուշադրությունը շեղել Ադրբեջանի ներքին խնդիրներից` և մարդու իրավունքների դաշտում, և սոցիալական կառավարման ոլորտներում:


«Այս գործողությունները նաև ներքին քաղաքական խնդիրների հետ կապված պետք է դիտարկել, սակայն Ադրբեջանի առաջին նպատակը բանակցային խաղաղ գործընթացը ձախողելն է»,- ասաց նա:


Արտակ Զաքարյանը գտնում է, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունն իր հայտարարություններում, կոչերում  հասցեական մոտեցում ցուցաբերի:


«Մինսկի խմբի պարագայում, իհարկե, հասկանալի է միջնորդների կարգավիճակը, որը ենթադրում է որոշակի մոտեցում, սակայն պետք է նկատի ունենալ, որ կա հակամարտության կողմ` ի դեմս Ադրբեջանի, որը շատ ցինիկ ձևով օգտվում է դիվանագիտական լեզվի անհրաժեշտությունից և փորձում է դուրս բերել խաղաղ կարգավորման գործընթացն իր նորմալ հունից»,-ասաց Արտակ Զաքարյանը:


Պատգամավորը նկատեց, որ առաջին անգամ չէ, երբ մեր սահմանին ունենում ենք Ադրբեջանի կողմից ոտնձգություններ և զոհեր: «Սա արդեն ձեռագիր է դարձել ադրբեջանական կողմի համար և պատժից գործողությունները կարող են զսպել Ադրբեջանի այս ցինիկ մոտեցումը»,- ասաց նա և նշեց, որ միայն  ՀՀ-ի և ԼՂՀ-ի պաշտպանության բանակներն են սաստում Ադրբեջանին:


Հարցին, թե արդյոք դիվանագիտական մակարդակում մենք` ինչպես բանակը, կարողանում ենք սաստել Ադրբեջանին, նա ասաց` այո, քանի որ մեկը մյուսին փոխլրացնող և կարևոր են: «Պետք է նկատի ունենալ, որ մենք ունենք նպատակ` հասնել խնդրի լիարժեք, խաղաղ կարգավորմանը և ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացմանը»-ասաց նա:


Արտակ Զաքարյանը կարծում է, որ միջազգային հարթակներում մենք կարողանում ենք ներկայացնել, որ սադրող կողմը Ադրբեջանն է: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե դրա արդյունքները որտեղ են երևում, նա ասաց՝ դիվանագիտական աշխատանքի միջոցով միջազգային կազմակերպություններում, միջազգային խորհրդարանական հարթակներում:


«Խնդիրը վերաբերմունքն է: Ադրբեջանը պետք է  քաղաքական հարթակներում զգա, որ իր նկատմամբ կա ընդգծված վերաբերմունք  և խաղաղ գործընթացը  ձախողելու դեպքում  հայնտվելու է միջազգային հանրության  ուղիղ թիրախի ներքո, ինչն այսօր Ադրբեջանում չեն գիտակցում»,-հավելեց Արտակ Զաքարյանը:


ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ ոչ միայն Մինսկի խմբի համանախագահ ներկայացված պետությունները, այլև բրիտանական նավթային ընկերություն «Բրիթիշ Փեթրոլիում»–ը,  որի գաղութն է Ադրբեջանը` տնտեսական առումով, հստակեցրել են, որ չեն թույլ տալու զինված ուժերի  լայնածավալ միջադեպ կամ պատերազմ:


«Դրա համար Ադրբեջանն անում է այն, ինչ-որ հատուկ է ղաչաղներին: Այսինքն` նա իր քաղաքականությունը չի փոխի, քանի որ ցանկանում է ամեն անգամ խոթել այնպես, որ ցավ պատճառի մեր հասարակությանը, խուճապ տարածվի, և սեփական ժողովրդի առաջ հանդես գա որպես հերոս, որովհետև Ադրբեջանում երբևիցե չի գնահատվել զինվորի կյանքն այնպես` ինչպես մեզ մոտ»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին, ապա Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ադրբեջանին անհնար է զսպել միայն հայտարարություններով: Ազդակ կլիներ, եթե Եվրոպայի խորհուրդը, որտեղ նախագահում էր Ադրբեջանը, ճիշտ այն պահին, երբ տեղի են ունենում այդ միջադեպերը և Ադրբեջանի ներսում մարդու իրավունքների պաշտպանների հանդեպ հետապնդումները, զրկեին Ադրբեջանին ձայնից, նրանց նախագահությունից»:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Ադրբեջանը որդեգրել է այնպիսի կեցվածք, ինչպիսին իրենց կարող են թույլ տալ միայն անօրինական խմբավորումները, ինչպիսին օրինակ Իսլամական պետությունն է:


«Ադրբեջանի նկատմամբ երբևէ չի կիրառվել որևէ սանկցիա, դրա համար այդ հայտարարությունները իր համար որևէ բան չարժեն»,- ասաց նա և նշեց, որ եթե միջազգային հանրության այս վերաբերմունքը չփոխվի և որևէ սանկցիայով հանդես չգա, ապա կշարունակվեն «Ադրբեջանում մարդու իրավունքների հանդեպ հետապնդումները և ելուզակային, ղաչաղական հարձակումները սահմանի վրա»:

Լարիսա Ալավերդյանը համարում է, որ բացի բանակից, որը կարողանում է հիմնական հարվածն իր վրա վերցնել, պետք է նաև այլ մեթոդներով` պառլամենտական,  դիվանագիտական,  հասարակական, քաղաքական ուժերի միջոցով զսպել Ադրբեջանին։

Ադրբեջանը փորձում է խաթարել ԼՂ բանակցային գործընթացը