Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրանյութ իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ հերթական տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 3-ին։
Ժամը 16․30-ին քրեական ոստիկանները մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին երկու հայ և երկու օտարերկրացի տղամարդու։
Նրանց վարած «Տոյոտա» և «Հյունդայի» մակնիշի մեքենաները, որոնցից մեկում իրավապահները նկատել էին թմրանյութի նմանվող զանգված, կնիքվեցին պահպանվող հատուկ տարածքում։
Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով ապակյա գլանակ։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 5-ին, դատարանի որոշման հիման վրա, կատարվեցին խուզարկություններ։ 31-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվեց 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, իսկ մայրաքաղաքի Խանջյան փողոցում գտնվող հոսթելում, որտեղ փաստացի բնակվում էր 37-ամյա օտարերկրացին, հայտնաբերվեց շուրջ 760 գրամ մարիխուանայով լցված 6 փաթեթ և էլեկտրական կշեռք։
Չորսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։










