Նոր ծրագիր՝ ՏԻՄ ծառայություններում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով

17:04 • 09.12.14

Հայաստանյան տեղական ինքնակառավարման մարմիններն այսօր հաճախ չեն կարողանում ապահովել որակյալ ծառայությունների մատուցում՝ պատճառաբանելով բյուջետային ֆինանսավորման անբավարար մակարդակով, աշխատակիցների ցածր աշխատավարձն ու բնակելի ֆոնդերի մաշվածությունը: Մատուցվող ծառայությունների որակը կարելի է բարձրացնել՝ ներդնելով ծառայությունների կառավարման էլեկտրոնային համակարգ, որը կնվազեցին կոռուպցիոն ռիսկերը. այս մասին այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում   կոռուպցիայի դեմ պայքարի  միջազգային օրվա կապակցությամբ կայացած միջոցառմանը հայտարարեց  Համայնքային զարգացման նորարարական կենտրոնի նախագահ Կարեն Երզնկյանը:


«Նախագիծն ուղղված կլինի պատվիրատու-մատակարար հարաբերությունների արդյունավետ կարգավորմանը, բնակիչների հետ հետադարձ կապի ստեղծմանը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ նախագծի նպատակն է ՏԻՄ ծառայությունների կառավարման ժամանակակից համակարգի ներդրման շնորհիվ բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը:


Ներկայացված ծրագրով նախատեսվում է, որ տվյալ համատիրությունների բնակիչները կկարողանան առցանց գնահատել առանձին հայտի կատարման, ինչպես նաև ծառայությունների որակը: Համակարգում կներառվեն հաշվետվություններ ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն կատարված աշխատանքի վերաբերյալ:


Համակարգը կունենա նաև ՏԻՄ կողմից մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց առցանց վճարումների իրականացման հնարավորություն: