Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին երեկ տեղի ունեցածը խոսում է միջազգային կառույցների վատ աշխատանքի մասին. Թևան Պողոսյան

20:06 • 09.12.14

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած գործողությանը, ընդգծեց, որ դա ո´չ միայն վկայում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վատ աշխատանքի, այլ նաև՝ բոլոր միջազգային ինստիտուտների վատ աշխատանքի մասին, որոնք միշտ խոսում են խաղաղության մասին, բայց հայտարարությունից այն կողմ որևէ բան չեն անում:

 

«Խոսքը վերաբերում է թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական ինստիտուտներին: Մինչև չսկսեն իրական մեղավորների անունները տալ, մինչև իրերը իրենց անուններով չկոչեն, Ադրբեջանը միշտ այսպես է գործելու և իր շահերից ելնելով՝ աշխարհին բացատրելու, որ ինքն իսկապես պատրաստ է ռազմական գործողությունների… Միջազգային հանրությունը պետք է իր մոտեցումները փոխի: Այնպես է դարձել, որ «գալոչկայի» համար հայտարարոթյուն են անում, բայց հայտարարությունն անիմաստ է, որովհետև որևէ  կողմին ուղղված չէ»,-ասաց նա:

 

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ այս պարագայում մնում է մեկ բան. մեր հպարտությունը՝ մեր բանակը, որը պետք է միշտ այնքան հզոր լինի, որ Ադրբեջանը միշտ իմանա՝ խիստ է պատժվելու:
Մեր հարցին, թե իր կարծիքով՝ հայկական ուղղաթիռը խոցելուց հետո ադրբեջանական կողմը ստացա՞վ իր արժանի հակահարվածը, նա պատասխանեց. «Պատասխանել պետք է տեղին և ճիշտ կետում, պարտադիր չէ՝ սպասել, որ հենց վաղը պետք է պատասխանը լինի: Եվ հետո մենք հետագայում ավելի մանրամասն կիմանանք, թե ինչ գործողություն են իրականացրել մեր տղաները՝ օդաչուներին խոցված ուղղաթիռի տարածքից դուրս հանելիս: Ինձ չի թվում, թե ուղղաթիռից հետո հաշիվներն ավարտվել են, կյանքը ցույց կտա, թե ինչ ենք անելու: Ուղղակի բոլորս պետք է բանակի կողքին լինենք և հավատանք նրանց: Մենք պետք է ապրենք այնպես, որ իսկապես պատերազմի մեջ ենք, այն մեզ համար չի ավարտվել, ու մենք ամեն օր պետք է պատրաստ լինենք տարբեր գործողությունների և ըստ արժանվույն պատասխան տանք»: