«Հայ ազգային կոնգրես»–ի հանրահավաք-երթը (տեսանյութեր)

13:38 • 10.12.14

ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է 

14.12


Ամենուր ամենաթողության, արհամարհանքի մթնոլորտ է. Էլինար Վարդանյան


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կազմակերպած հանրահավաք-երթին ելույթ ունենալով հավաքվածների առջև, հիշեցրեց, որ 1948թ. այս օրը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ընդունել է հռչակագիր, որով դեկտեմբերի 10-ը հռչակել է մարդու իրավունքների պաշտպանության օր:


Այնուհետև պատգամավորը հարց ուղղեց հավաքվածներին՝ արդյո՞ք ՀՀ-ում պաշտպանված են իրենց իրավունքները:


«Արդյոք ձեր իրավունքները չեն խախտվո՞ւմ, արդյոք դրանք հետո վերականգնվո՞ւմ են: Թվում է, թե պատասխանի կարիքն էլ չկա, որովհետև հենց դրանց ոտնահարումն է շատ անգամ ստիպում մարդկանց արտագաղթել երկրից: Մարդու իրավունքների խախտո՞ւմ չէ, երբ հաշմանդամը ստանում է 18 հազ. դրամ, խախտո՞ւմ չէ, որ նվազագույն աշխատավարձը կենսաապահովման զամբյուղին հասնելու միտում էլ չունի, խախտո՞ւմ չէ, որ թոշակառուի աշխատավարձը կոմունալ ծախսերին անգամ չի բավարարում, երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքները ավելի բարձր են, քան նվազագույն աշխատավարձն է... Ցանկը կարելի է անվերջ շարունակել»,-ասաց նա:


Նա ընդգծեց, որ զարգացած երկրներում, երբ խախտվում է մարդու իրավունքները, դիմում են անկախ մարմիններին:


«Որևէ մեկը վստահո՞ւմ է դատարաններին, կառավարման համակարգին: Ամենուր ամենաթողության, արհամարհանքի մթնոլորտ է: Պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին, մենք պետք է համախմբվենք հանուն վաղվա օրվա, հանուն այն Հայաստանի, որի քաղաքացին կունենա արժանապատիվ ապրելու իրավունք, և դրանք կհարգվեն ու կպաշտպանվեն պետության կողմից: Մեզանից է կախված ամեն ինչ»,-ասաց նա:
 



14.03
 

Ժողովուրդն ինքն է իր իրավունքների տերը, և ոչ ոք ազատություն չի տա, եթե ժողովուրդը չվերցնի իր ձեռքը. Լևոն Զուրաբյան


ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրավիրված հավաքին նշեց, որ արդեն 7-րդ տարին է, որ ՀԱԿ-ը ավանդական հավաք ու երթ է կազմակերպում Մարդու իրավունքների պաշտպանության օրը:


«Այս իրադարձության խորհրդանիշն այն է, որ ժողովուրդն ինքն է իր իրավունքների տերը և ոչ ոք ազատություն չի տա, եթե ժողովուրդը չվերցնի իր ձեռքը: Ամբողջ մարդկության պատմությունը դրա մասին է խոսում: Ոչ մի ռեժիմ երբեք կամովին չի հանձնում իր իշխանությունը, չի շնորհում ազատությունները քաղաքացիներին: Քաղաքացիները իրենք են վերցնում»,- ասաց նա:


Այնուհետև Լևոն Զուրաբյանն անդրադարձավ նախօրեին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի և ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որոնք մի խումբ մարդկանց հետ քաշքշուկի մեջ էին ընկել:


«Այսօր այդ նույն ավազակները հարձակվել են ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանի վրա: Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը նենգ արարք է թույլ տվել, բայց սա նորություն չէ: Ամբողջ մարդկության պատմության մեջ բոլոր դիկտատորները տեսել են, որ ժողովրդի պայքարը մոտենում է հաջողության, դիմել են ստոր արարքներին: Բայց Արցախյան ազատամարտի մասնակիցների դեմ ավազակային հարձակում իրականացնողները և նրանց հրաման տվողները պատասխան են տալու նոր ժողովրդական իշխանության առաջ»,- ասաց նա:

 


Քիչ առաջ Ազատության հրապարակում   մեկնարկեց  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կազմակերպած հանրահավաք-երթը, որը նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 10-ին է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:


Հայտնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երթին չեն մասնակցում, իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ինչպես նախապես հայտնել էր, մասնակցում է: