Պարսից ծոցի երկրները միասնական բանակ, ռազմական նավատորմ ու ոստիկանություն կստեղծեն
Պարսից ծոցի պետությունները Դոհայում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվել են ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունն ու ստեղծել ռազմածովային ուժեր, ընդհանուր ոստիկանություն. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Համապատասխան կետերը ներառվել են հանդիպման ամփոփիչ փաստաթղթում:
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մեջ ներառված են Արաբական թերակղզու բոլոր 6 թագավորությունները՝ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը, Օմանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները:
«Ռազմական համագործակցությունն ամրապնդելու նպատակով խորհուրդն ստեղծում է ընդհանուր ռազմածովային ուժեր, որի բազան գտնվելու է Բահրեյնի թագավորությունում»,- ասել է խորհրդի գլխավոր քարտուղար Աբդել Լաթըֆ ազ-Զայանին՝ ներկայացնելով ամփոփիչ հայտարարությունը:
Բացի այդ, արաբական միապետները հաստատել են պաշտպանության նախարարությունների առաջարկը՝ միասնական ռազմական հրամանատարություն ստեղծելու վերաբերյալ, որի շտաբը կգտնվի Էր-Ռիադում:










