Քաղբանտարկյալ լինել չլինելու հանգամանքն ապացուցելը կոնկրետ անձի վրա է դրված, եթե հակառակը չի ապացուցում պետությունը. Արման Թաթոյան

13:04 • 10.12.14

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Հայաստանի Հանրապետության կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի կատարման վերաբերյալ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե համակարծի՞ք է պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի արտահայտած այն մտքին, որ քաղաքական բանտարկյալ է այն անձը, ով իրեն հայտարարում է քաղաքական բանտարկյալ:


Մարգարիտ Եսայանը հստակեցրեց, որ անձամբ ինքը համաձայն չէ: «Ես պարոն Արզումանյանի կոնկրետ պատասխաններին չեմ անդրադառնա՝ ելնելով հարցի քննարկվող բնույթից և իմ իրավասության  սահմաններից, բայց կարող եմ ասել, որ միջազգային չափանիշներով՝ կոնկրետ անձի վրա է դրվում ապացուցելու այդ հանգամանքը, եթե հակառակը չի ապացուցում պետությունը»,-ասաց նա:


Փոխնախարարը բացատրեց, որ անձի բերած հիմնավորումները պետք է հերքի պետությունը։ «Եթե պետությունը  համոզիչ կերպով չի կատարում, արդեն ապացուցվում է, որ այդպիսին է, բայց հստակ մեխանիզմ է պետք սրա համար»,-նշեց նա և տեղեկացրեց, թե, իհարկե, կոմիտեն ընդունում է, որ կան չարաշահման հնարավորություններ և ուստի իրավական չափանիշ է անհրաժեշտ:


Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում այսօր քաղբանտարկյալների վիճակը: «Այն, որ քաղբանտարկյալ են, հայտարարել են Շանթ Հարությունյանը, Վոլոդյա Ավետիսյանը և այլք, դուք ուսումնասիրություն արե՞լ եք, համադրություն ունե՞նք, թե ոչ»,-հարցրեց նա:


Արման Թաթոյանը պատասխանեց, որ չի կարող գնահատական տալ, քանի որ Հայաստանում չկա համապատասխան հոդվածներով որևէ վճիռ: «Իսկ կոմունիկացված գործերով գնահատական տալը ճիշտ չէ»,-ասաց նա և հավելեց, թե քաղբանտարկյալ լինելու հետ կապված չկա իրավական որոշում: