Պուտինին ուղղված Թոնի Էբոթի արտահայտությունը ճանաչվել է Ավստրալիայի «տարվա բառ»

08:46 • 10.12.14

«Shirtfront» արտահայտությունը, որը Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթն օգտագործել է՝ G20 գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր երկխոսությունը նկարագրելու համար, ճանաչվել է «տարվա բառ» Ավստրալիայում, գրում է РИА Новости-ն։


Նման որոշում է կայացրել Ավստրալիայի ազգային բառարանային կենտրոնը, որի ղեկավար Ամանդա Լաուգեսենի խոսքով, «shirtfront» արտահայտությունն ընտրվել է Ավստրալիայի սոցիալական, մշակութային և քաղաքական շրջաններում մեծ աղմուկ հանելու համար։


«Շատերը չգիտեն այս արտահայտության նշանակությունը, այդ պատճառով էլ եղել են բազմաթիվ քննարկումներ հենց բառի վերաբերյալ, ինչպես նաև վարչապետի կողմից այն օգտագործելու վերաբերյալ։ Այդպիսով, մենք հասկացանք, որ դա հենց այն բառն է, որի մասին մարդիկ այդքան խոսում են»,- բացատրել է Լաուգեսենը։


Հոկտեմբերի կեսերին՝ G20-ի հանդիպումից մի ամիս առաջ, Էբոթը խոստացել էր խիստ քննարկել Պուտինի հետ մալայզիական ինքնաթիռի կործանումը, որի հետևանքով 27 ավստրալիացի էր զոհվել։ Այդ ժամանակ նա օգտագործել էր  «shirtfront» բառը ավստրալիական ֆուտբոլից, դա նշանակում է այն պահը, երբ մի խաղակիցը գցում է մյուսին՝ գնդակը վերցնելու համար։