Համաժողովրդական շարժումը առաջիկայում կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիրը. Լևոն Զուրաբյան

14:52 • 10.12.14

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հավաքի ընթացքում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ հոկտեմբերին ձևավորված համաժողովրդական շարժումը չի կարող ընդունել Հայաստանում կատարվող լայնածավալ խախտումները և ժողովրդի տարրական պահանջների մերժումը:


«Հետևաբար համաժողովրդական շարժումը առաջիկայում կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիրը՝ ներառյալ հանրային միջոցառումների ցանկը, որի նպատակը կլինի Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը և արտահերթ ընտրություններով ժողովրդի իշխանության հաստատումը»,- ասաց նա և ընդգծեց, որ հենց սա է այս հավաք-երթի բանաձև:


Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց ներկաներից, թե արդյոք իրենց համար ընդունելի բանաձև է արձագանքը եղավ՝ «Այո՜»:


Լևոն Զուրաբյանը նշեց, որ ավանդական դարձած այդ հավաք-երթը ՀԱԿ-ն անցկացնում է 2008-ից՝ «Մարտի 1-ի» դեպքերից հետո՝ մարտահրավեր նետելով իշխանությունների ոտնձգություններին:


Լևոն Զուրաբյանը թվեց բոլոր այն խնդիրները, որոնք ըստ համաժողովրդական շարժման, այսօր առկա են երկրում: Առաջին տեղում էր ընտրակեղծարարության համակարգի առկայությունը, այնուհետև «Մարտի 1-ի» դեպքերի բացահայտված չլինելը, երկրում քաղբանտարկյալների առկայությունը:


«Երկրում նորից ունենք քաղբանտարկյալներ, անհամաչափ պատիժ է սահմանվել 2013թ-ի նոյեմբերի 5-ի շարժման մասնակիցների նկատմամբ: ԵԽԽՎ-ի կողմից քաղբանտարկյալի համար սահմանված չափանիշներին նրանք ամբողջովին համապատասխանում են»,- ասաց նա և ընդգծեց, որ պետք է ազատ արձակվեն «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները:


Լևոն Զուրաբյանի խոսքի հետո մեկնարկեց երթը՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Նալբանդյան,-Թումանյան և վերադարձ դեպի «Ազատության» հրապարակ ճանապարհային քարտեզով: