ԱՄՆ-ում դերասան Դյաչենկոյին կդատեն ճագար սպանելու և ընկերուհուն վախեցնելու համար
ԱՄՆ-ում դերասան Դմիտրի Դյաչենկոյին 4 տարվա ազատազրկում է սպառնում՝ ճագար սպանելու և նախկին ընկերուհուն վախեցնելու համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
46-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել կենդանու հետ դաժան վարվելու և մարդուն կյանքից զրկելու սպառնալիքների համար։
Համաձայն դատախազության փաստաթղթերի՝ Դյաչենկոն սպանել է ընտանի ճագարին ու կերել։ Ընդ որում՝ իր յուրաքանչյուր գործողությունը նա լուսանկարել է և ուղարկել կենդանու տիրոջը՝ նշելով, որ նրան նույն ճակատագիրն է սպասվում։
Դյաչենկոն նախկին ընկերուհուց բաժանվել է որոշ ժամանակ առաջ, սակայն նրանք շարունակում են ապրել նույն հարկի տակ՝ համատեղ վճարելով բնակարանի վարձակալության համար։
Կասկածյալը ձերբակալվել է դեկտեմբերի 7-ին, սակայն ազատ է արձակվել 50.000 դոլար գրավի դիմաց։ Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա նա կարող է ազատազրկվել 4 տարի 8 ամսով։










