Չսահմանված վայրում աղբ թափելու համար քաղաքացիները կտուգանվեն. կհրապարակվեն նրանց լուսանկարները աղբը թափելու պահին

12:30 • 11.12.14

Դեկտեմբերի 1-ից Կենտրոն վարչական շրջանում մեկնարկել է միջազգային չափանիշներով աղբահանության իրականացումը: Գործընթացը կանոնակարգվում է  քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերության կողմից: Կենտրոն վարչական շրջան  են ներկրվել  ամբողջությամբ նոր, բավարար քանակությամբ եվրոպական մեքենասարքավորումներ ու գերմանական աղբամաններ՝ աղբահանությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար:


Այս մասին հայտնում են Կենտրոն վարչական շրջանի մամուլի ծառայությունից։


Վարչական շրջանի համատիրությունների կողմից իրականացվում են լայնածավալ աշխատանքներ բնակիչներին իրազեկելու` սահմանված վայրում, համապատասխան աղբամանների մեջ աղբ թափելու վերաբերյալ: Փոխվել են աղբամանները, բայց մարդկանց մտածողությունը ելնելով բազմաթիվ օրինակներից` թվում է՝ մնացել է նույնը: Արձանագրվել են բազմաթիվ օրինակներ, երբ  աղբամանների մեջ գցելու փոխարեն աղբը թափում են դատարկ աղբամանի  կողքը, հարակից տարածքում: Քիչ չեն նաև շինարարական աղբի վերաբերյալ կազմված արձանագրությունները:


Այսուհետ  չսահմանված և չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբարկղերից, աղբամաններից և աղբահավաք մեքենաներից , ինչպես նաև նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար  անհետևողական և ոչ պատասխանատու քաղաքացիների նկատմամբ կկիրառվեն վարչական տույժեր՝ 20.000-30.000 դրամի չափով և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից  մինչև երեսնապատիկի չափով:
Կհրապարակվեն նաև օրինախախտների նկարները՝ արձանագրված աղբը ոչ հատկացված վայրում թափելու պահին: