Խաբեություն է, թե ԵՏՄ-ն տնտեսապես և անվտանգության տեսանկյունից մեզ ձեռնտու է. Արշակ Սադոյան
Հանրային խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ, ասաց, թե միայն թե խոսում են Հայաստանի անվտանգության երաշխիքներից, իրականում ոչ մի անվտանգություն էլ չկա:
«Շատերն ասում են, թե այդ միությունը տնտեսապես և անվտանգության տեսանկյունից մեզ ձեռնտու է, բայց դա խաբեություն է: Հենց միայն դրամի արժեզրկումը դրա ապացույցն է»,-հայտարարեց Արշակ Սադոյանը՝ նշելով, թե Հայաստանն իր խեղճուկրակ վիճակով ընկնում է պարտավորությունների տակ:
«Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ քաղաքացիները, ՀՀԿ-ական պատգամավորները, թե ինչ ահավոր վտանգի տակ ենք ընկնելու, եթե հանկարծ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները հասնեն Հայաստան»,-հարցադրում արեց Սադոյանը:
Ըստ նրա՝ ինչ վերաբերվում է անվտանգության հարցին, ապա նրանք թքած ունեն Հայաստանի ամեն տեսակ անվտանգության վրա:
«Վերջիվերջո, ո՞վ չի հասկանում, թե պատից կախված զենքը մի օր կրակվելու է: Մեր դարավոր բարեկամը, որ մեզ հետ մի միության մեջ է մտնում, մեր հավերժական թշնամուն դանակ է տալիս, էլ ի՞նչ անվտանգության մասին կարող է խոսք լինել,-հայտարարեց բանախոսը՝ նշելով, թե ենթադրում է, որ այս ամենին լուծում կա,-հույս ունեմ, որ այդ հիմար կառույցը ներսից կքանդվի»:










