Պետք է խոստովանել, որ տարին բարդ է եղել աշխարհաքաղաքական առումով. Դավիթ Բաբայան

17:30 • 01.01.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ անցնող տարին բավական հագեցած էր և՛ ձեռքբերումներով, և՛ տարբեր տեսակի մարտահրավերներով:


«Ամենաբացասական երևույթը եղել է այն, որ Ադրբեջանը շարունակել  է իր ապակառուցողական քաղաքականությունը, աննախադեպ խախտումներ է իրականացրել, ամենաստոր ձևով խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռը, մի բան, որ նույնիսկ պատերազմի ժամանակ չի եղել»,- Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով 2014 թվականը և խոսելով 2015 թվականի պլանների ու ակնկալիքների մասին՝ ասաց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով, թե հակառակորդը շարունակել է դիվերսիոն գործողությունները, փորձ է կատարել ուղարկել այդ դիվերսիոն խմբերը Արցախի խորքերը:


«Իհարկե՛, այդ ամենը վնասազերծվել է՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ բոլոր համապատասխան կառույցներն արդյունավետորեն իրականացնում են իրենց աշխատանքը»,- նշեց Դավիթ Բաբայանը:


Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ  հաջողվել է պահպանել կայունությունն  ու խաղաղությունը տարածաշրջանում՝ ինչն ամենամեծ ձեռքբերումն է:


Դավիթ Բաբայանը ձեռքբերումների շարքում նշեց տնտեսության զարգացումն ու աճի շարունակությունը: «Դեռևս ամփոփվում են տվյալները, բայց կգրանցենք 7-8, նույնիսկ 9 տոկոս աճ: Շահագործման են հանձնվել բազմաթիվ կարևոր օբյեկտներ, հիվանդանոցներ, շարունակվել է ճանապարհների շինարարությունը, նոր գործարաններ են կառուցվում»:


Կարևոր ձեռքբերումներից է նաև այն, որ մեծ թափ է ստացել Արցախի միջազգային ճանաչումը. «2014 թվականին ամենակարևոր ձեռքբերումը եղավ Կալիֆոռնիա նահանգի և Բասկերի երկրի կողմից Արցախի փաստացի ճանաչումը: Մենք նպատակներ ունենք շարունակել այդ գործընթացը և ընդլայնել այդ ճանաչման գործընթացի աշխարհագրությունը»,- շեշտեց պարոն Բաբայանը:


«Պետք է խոստովանել, որ տարին բարդ է եղել աշխարհաքաղաքական առումով, բայց, բարեբախտաբար, կարողացել ենք պահպանել կայունությունն ու հանգստությունը և՛ երկրում, և՛ տարածաշրջանում»,- ասաց նա:


Դավիթ Բաբայանն ասաց, թե 2015 թվականի համար հաշվի են առել նաև այն, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին հակառակորդը կարող է դիմել ինչ-որ քայլերի. «Պարզ է, որ հակառակորդն ամեն ինչ անելու է, որպեսզի մի բացասական բան թողնի հայության կյանքում: Դրանք լինելու են և՛ սահմանի երկայնքով գրանցվող խախտումները, և՛ արտաքին ասպարեզում ու տարբեր միջազգային ատյաններում: Փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի հարյուրամյակը «շնորհավորեն»: Բնական է, որ մենք էլ նոր որակ ենք հաղորդելու պաշտպանական համակարգին»:


Դիտարկմանը, թե թուրքագետները կանխատեսում են, որ 2015-ին Ցեղասպանության ճանաչման առումով աննախադեպ տարի է լինելու, հնարավո՞ր է, որ Արցախի ճանաչման հարցը ևս լինի այլ պետությունների խորհրդարանների օրակարգում, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ, չեմ ուզում հիմա խոստումներ տալ, որովհետև սա շատ բարդ հարց է: Եվ այն, որ այդքան պետություններ ճանաչում են, սրա հետևում կանգնած է և՛ իրենց բարի կամքը, և՛ այդ մարդկանց քրտնաջան աշխատանքը, ինչպես նաև Հայաստան-սփյուռք համակարգված գործողությունները: Անկախ տարելիցից, մենք անելու ենք ամեն ինչ, որ Արցախի ճանաչումը դրական դինամիկայով առաջ գնա. 2015 թվականն այդ առումով բացառություն չի լինելու: Թե ինչպիսի արդյունքներ կգրանցենք, չեմ կարող ասել, բայց ամեն ինչ կանենք, որ արդյունքները լինեն շոշափելի:


Եվ վերջում, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության թեմային, Դավիթ Բաբայանն ասաց, որ այն հնարավորություն կտա և հնարավորություններ կընձեռնի Արցախին՝ տնտեսությունը զարգացնելու համար: «Կարծում եմ, որ այս քայլը աշխարհաքաղաքական առումով հավասարակշռությունը պահպանելու ճիշտ քայլ է, և ակնկալում ենք, որ տնտեսապես նոր հնարավորություններ կստեղծվեն մեզ համար»: