Վարսակի ու այլ տեսակի ձավարեղենի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը
Հարվարդի համալսարանում անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սննդակարգում ամբողջական ձավարեղենի օգտագործումը 9 տոկոսով նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը:
Ինչպես գրում է Meddaily.ru-ն` Zee News-ին հղումով, գիտնականները ներկայացրել են երկու խոշորագույն հետազոտությունների տվյալները, որոնց 100 000 մարդ է մասնակցել:
Հետազոտությունները 14 տարուց ավելի են տևել: Այն մարդկանց մոտ, ովքեր օրական առնվազն 33 գրամ ամբողջական ձավարեղեն են օգտագործել (վարսակի շիլայի չափսին համարժեք), վաղաժամ մահվան վտանգը նվազել է 9 տոկոսով` այն մարդկանց համեմատ, ովքեր գրեթե ընդհանրապես ամբողջական ձավարեղեն չեն կերել: Սրտի հիվանդություններից մահանալու վտանգը նվազել է 15 տոկոսով:
Հետազոտողները կարծում են, որ ամբողջական ձավարեղենը պաշտպանում է սիրտը` նվազեցնելով ինսուլինի և շաքարի մակարդակն արյան մեջ, ինչը նպաստում է սիրտ-անոթային հիվանդություններով ու շաքարախտով հիվանդանալու վտանգի նվազմանը:










