ԵՏՄ երկրներում գիտական ծրագրեր կան, որտեղ ՀՀ մասնակցությունը կարող է սկզբունքային նշանակություն ունենալ. գիտպետկոմի նախագահ
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն այս տարի մեծացնելու է իր կապերը Եվրասիան տնտեսական միության երկրների հետ, հատկապես պաշտպանական խնդիրների լուծման ուղղությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերը:
«Կապերը ուժեղացնելու ենք հատկապես ՌԴ-ի հետ, որովհետև ԵՏՄ երկրներում ծրագրեր կան, որտեղ Հայաստանի մասնակցությունը կարող է սկզբունքային նշանակություն ունենալ և՛ մեզ, և՛ նրանց համար: Համագործակցությունը լինելու է պաշտպանական խնդիրների լուծման, կիրառական մի շարք գիտությունների, նանոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,-ասաց նա:
Անդրադառնալով մյուս ծրագրերին՝ Սամվել Հարությունյանը նշեց, որ լուրջ առաջխաղացում են ակնկալում «Քենդլ» ծրագրի շրջանակում «Արեալ» արագացուցչի հետ կապված ծրագրերից:
«Արդեն իսկ շուտով կարևոր սարքավորումներ պետք է ստանանք Գերմանիայից ու Շվեյցարիայից մեր նոր արագացուցիչի համար: Վերջնականապես կպարզվի՝ «Քենդլ» ծրագիրը մեր տարածաշրջանի համար աշխատո՞ղ է, թե՞ ոչ, և արդյո՞ք մեր գիտնականները պատրաստ են այս սարքավորումների վրա աշխատել, չնայած ես դրանում համոզված եմ»,-ասաց նա:
Սամվել Հարությունյանը նշեց, որ նախորդ տարի նախանշված ծրագրերի շուրջ 95%-ը բարեհաջող իրականացվել է և հույս հայտնեց, որ ընթացիկ տարվա ընթացքում հաջողություններ կգրանցվեն գիտական ոլորտում:










