ՆԱՍԱ-ն գործող հրաբուխների մեջ մտնող ռոբոտ է ստեղծել
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի Ռեակտիվ արագացման լաբորատորիայի մասնագետները փորձարկել են նոր՝ VolcanoBot 1 ռոբոտը, որը նախատեսված է գործող հրաբուխների մեջ մտնելու համար:
Ինչպես նշում է lenta.ru-ն, երկանիվ սարքը փորձարկվել է Երկրի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկի` հավայան Կիլաուեայի խորքերում:
Տասնյոթ սմ լայնությամբ ու 30 սմ երկարությամբ սարքի հիմնական նպատակն է տեղեկություններ հավաքել հրաբխային այն անցքերի վերաբերյալ, որոնց միջոցով մագման դուրս է գալիս մակերևույթ:
Գիտնականները լիահույս են, որ այդ անցքերի մանրակրկիտ քարտեզագրումը կօգնի ուսումնասիրել մագմայի բարձրացման ու բուն ժայթքման գործընթացները:
Ներկայում մասնագետները մտադիր են ստեղծել VolcanoBot 1-ի 2-րդ տարբերակը, որն ավելի հզոր կլինի ու կկարողանա տեսախցիկները տարբեր ուղղություններով շարժել: Ենթադրվում է, որ VolcanoBot 2-ը կիրականացնի իր առաջին ճամփորդությունը 2015թ. մարտին:










