Google-ից հայտնել են, որ 2017 թվականին ԱՄՆ ճանապարհներին կարող են հայտնվել ինքնակառավարվող մեքենաներ
Արդեն երկու տարուց ԱՄՆ-ի ընդհանուր օգտագործման ճանապարհներին կարող են հայտնվել ավտոմեքենաներ, որոնք կարողանում են տեղաշարժվել առանց վարորդի մասնակցության:
Դետրոյթում նման կարծիք է հայտնել Քրիս Ուրմսոնը, ով ղեկավարում է Google ամերիկյան կորպորացիայի՝ նման տրանսպորտային միջոցների ստեղծման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող ստորաբաժանումը, հաղորդում է ТАСС-ը:
«Խոսքը երկու տարվա մասին է, կարող է լինել հինգ տարի»,- հայտարարել է Ուրմսոնն այս շաբաթ բացված ամենամյա Հյուսիսամերիկյան միջազգային ավտոսրահի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ:
Նա նշել է, որ համակարգչով ղեկավարվող մեքենաները հավանաբար սկզբնական շրջանում կօգտագործվեն միայն թեստային ռեժիմով, դրանցում ապահովության համար կլինի վարորդ: Ուրմսոնի կարծիքով՝ դրանք գնելու համար հասանելի կդառնան փոքր-ինչ ավելի ուշ:
Թեստերն անհրաժեշտ են Google-ին, մասնավորապես, սենսորների կատարելագործման համար, որոնք կկարողանան տարբերակել՝ ինչ է գրված ճանապարհային նշանների վրա, ինչպես նաև ծրագրային ապահովման համար, որը պատասխանատու է ճանապարհային իրավիճակում արագ կողմնորոշվելու, այլ մեքենաները և ուղևորներին ճանաչելու համար:










